Մատչելի հղումներ

Աֆրիկայում ահաբեկչության դեմ պայքարը պիտի կենտրոնանա Սահելի տարածաշրջանի վրա


Սուդանից մինչեւ Սահարա անապատն ընկած տարածքում՝ Սահելում տարածվող ահաբեկչությունը կանխելու նպատակով հանդիպումներ են անցկացնում աֆրիկյան հինգ պետությունների ղեկավարները՝ ընդունելու այդ նպատակով միացյալ զինված ուժեր ստեղծելու մասին որոշում։ Նախաձեռնությունը սկսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այդ երկրների ղեկավարներին հրավիրել է ֆրանսիական Պաու քաղաքը՝ մասնակցելու Մեծ հնգյակի գագաթաժողովին։

Հանդիպմանը մասնակցելու հրավերներ են ստացել Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Մավրիտանիայի, Նիգերի ու Չադի առաջնորդները։ Մինչ այդ Մալիում եւ Բուրկինա Ֆասոյում սկսվել էին ցույցեր, որոնց մասնակիցները Ֆրանսիային էին մեղադրում այս տարածքներում կայունությունը վերականգնել չկարողանալու մեջ։ Եվ ահա Մակրոնն այս հանդիպման միջոցով ցանկանում է ստանալ այստեղ գործողություններ իրականացնելու լեգիտիմ իրավունք։
Եվ կարելի է ասել, որ գագաթաժողովին ներկայանալու փաստով այս երկրների ղեկավարները տալիս են իրենց համաձայնությունը։
Մակրոնը հայտարարել է, թե Ֆրանսիան այստեղ կտեղակայի հավելյան 22Օ զինվորականներ ու կոչ է արել ԱՄՆ-ին այստեղից չհեռանալ։
՝՝Ես հույս ունեմ վստահեցնել նախագահ Թրամփին, որ ահաբեկչության դեմ պայքարը հարկավոր է իրականացնել նաեւ այս տարածաշրջանում՛՛, ասել է նա։

ՄԱԿ-ի հաշվարկով, 2Օ16 թվականից ի վեր այստեղ ահաբեկչության զոհ դարձած անձանց թիվը հնգապատկվել է։ Միայն 2Օ19 թվականին այստեղ ահաբեկչությունների զոհ է դարձել ավելի քան 4ՕՕՕ մարդ։

Որպես այս տարածաշրջանում գաղութատիրական նախկին պետություն, Ֆրանսիան այստեղ ունի մեծ ասելիք։ Ֆրանսիացի 45ՕՕ զինվորականներ են տեղակայված Սահելի շրջանում։ 2Օ13 թվականին ռազմական գործողությունները սկսելուց ի վեր այստեղ զոհվել է ֆրանսիացի 41 զինվորական։ Պայքար, որը շարունակելու համար, Փարիզի կարծիքով, հարկավոր է նաեւ մյուսների մասնակցությունը։

XS
SM
MD
LG