Մատչելի հղումներ

Հրաժարական ներկայացրեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը


Հրաժարական ներկայացրեց Դմիտրի Մեդվեւը։ Վարչապետի ու նրա ղեկավարած կառավարության հրաժարականը տեղի ունեցավ չորեքշաբթի օրը շատ անսպասելի կերպով։ Ինչպես ՝՝Նյու Յորք թայմս՛՛ թերթն է գրում, ՝՝Սա նախագահ Պուտինին տալիս է Կրեմլը վերաձեելու նոր հնարավորություն՝ ըստ իր կամեցողության, որը կընտրի իրեն ավելի հավատարիմ անձանց՛՛։

Մեդվեդեւի եւ կառավարության հրաժարականը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նախագահ Պուտինը կոչ արեց փոփոխության ենթարկել երկրի սահմանադրությունը՝ երկրի խորհրդարանին տալով ավելի մեծ իշխանություն։ ՝՝Այս քայլը նոր շահարկումների տեղիք տվեց այն մասին, որ Պուտինն որոնում է 2Օ24 թվականին իր պաշտոնավարման ժամկետն ավարտվելուց հետո իշխանության վրա մնալու ուղիներ՛՛, գրում է թերթը։

Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, թե մի շարք հարցերում իրար հետ համամիտ չեն եղել Պուտինն ու Մեդվեդեւը։ Պուտինին հատկապես զայրացրել էր այն հանգամանքը, որ 2Օ11 թվականին նախագահի պաշտոնը զբաղեցրած Մեդվեդեւը չկիրառեց Լիբիայի դեմ օդային գրոհներ սկսելու հարցում ՄԱԿ-ում Ռուսաստանի վետոյի իրավունքը։

Ինչպես ՝՝Ուոլ ստրիթ ջոուրնալ՛՛ պարբերականն է գրում, Մեդվեդեւը կշարունակի վարչապետի պարտականությունները, մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ Պուտինը հայտարարել է, թե Մեդվեդեւին հավանաբար առաջարկվի նոր ստեղծված Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը։

՝՝Ուոլ ստրիթ ջոուրնալ՛՛ թերթի համաձայն, անցած հինգ տարիների ընթացքում հաստատուն կերպով է անկում գրանցել վարչապետի ու նրա ղեկավարած կառավարության վարկանիշը, ՝՝երբ ներքին խնդիրները վնասում էին կառավարությանը, արտաքին քաղաքականությունը՝ նպաստում Պուտինին՛՛։

Ըստ նույն պարբերականի, վարչապետի ու կառավարության հրաժարականի արդյունքում դրամական շուկաներում անկում է գրանցել ռուսական արժույթը։

՝՝Թայմ՛՛ հանդեսը եւս, Մեդվեդեւի հրաժարականը կապում է ժողովրդին ուղղված Պուտինի ուղերձի հետ, որի ժամանակ նա խոսել էր սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցի մասին։ ՝՝Դրանից մի քանի ժամ անց էր, որ Մեդվեդեւը ներկայացրեց հրաժարական՛՛, գրում է ՝՝Թայմ՛՛-ը։

՝՝Կառավարության որեւէ անդամ այս մասին նախապես չգիտեր՛՛, ՝՝Ինդիփենդենթ՛՛ պարբերականին ասել է նախարարներից մեկը։

Նույն թերթի համաձայն, հիմա հարց է բարձրանում, թե ով փոխարինելու կգա Պուտինին նախագահի պաշտոնում, երբ ավարտվի նրա պաշտոնավարման ժամկետը։ ՝՝Այս պաշտոնի համար մինչ այժմ ամենահավանական թեկնածուն եղել է 2ՕՕ8-2Օ12 թվականներին նախագահի պարտականությունները կատարած Մեդվեդեւը՛՛, գրում է թերթը։

՝՝Ով էլ փոխարինելու գա Մեդվեդեւին որպես վարչապետ (իսկ Պուտինը գիտի, թե ով է գալու), նա էլ կդառնա նախագահի հաջորդ գլխավոր թեկնածուն՛՛, ասում են վերլուծաբանները։

XS
SM
MD
LG