ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածուներն իրենց հերթական բանավեճի ընթացքում բախվեցին մի շարք հարցերի։ Առեւտրի, առողջապահության ու արտաքին քաղաքականության հարցերի շուրջ սուր քննարկումներին մասնակցում էր 6 թեկնածու։ Սակայն նշված հարցերից զատ, առավել մեծ ուշադրության կենտրոնում էր Դոնալդ Թրամփը՝ որպես հարձակման թիրախ։
՝՝Մենք մեր դիրքերն ենք կորցնում։ Մենք կորցնում ենք մեր դաշնակիցներին՛՛, հայտարարում էր նախկին փոխնախագահ Ջո Բայդընը։
Բայդընին քննադատելով այն բանի համար, որ վերջինս ժամանակին պաշտպանել էր Իրաք ներխուժում իրականացնելու քայլը, սենատոր Բերնի Սանդերսը հայտարարեց. ՝՝Մենք ունենք մի նախագահ, որը նորից ստում է, եւ կարող է մեզ ներքաշել մի պատերազմի մեջ, որն ավելի ծանր կլինի, քան Իրաքյան պատերազմն էր՛՛։
Նույն մտահոգությունն ունի Ինդիանա նահանգի Սաութ Բրենդ քաղաքի նախկին քաղաքապետ Փիթ Բութեջեջը, որը քննադատում էր Թրամփին՝ այդ տարածաշրջան նոր զորքեր ուղարկելու համար։
Թեկնածուներից ոմանք ուզում են, որ Միացյալ Նահանգները կրճատի Մերձավոր Արեւելքում իր զորքերի ներկայությունը։ Նրանցից Էլիզաբեթ Ուորենն էլ գտնում է, որ եկել է Աֆղանստանից ամերիկյան ուժերը դուրս բերելու ժամանակը, ում կարծիքով, ՝՝Այնտեղ մնացած ուժերը որեւէ կերպ այլեւս չեն ապահովում ԱՄՆ-ի կամ այդ տարածաշրջանի անվտանգությունը՛՛։
Միլիարդատեր Թոմ Ստեյերը կարծում է, որ եկել է ազգային անվտանգության հարցում նոր մոտեցումներ ցուցաբերելու ժամանակը։ Նա դժգոհում է այն բանի համար, որ ՝՝արդեն 2Օ տարի է խոսում ենք Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի կառավարության կողմից թույլ տրված սխալների մասին՛՛։
Դեմոկրատ թեկնածուները նաեւ մրցում էին այն հարցում, թե ով ավելի հեշտությամբ պարտության կմատնի Թրամփին։
Ուորենն իհարկե փորձում էր ցրել այն տեսակետը, թե կնոջ համար դա անելը դժվար է։
Ինչեւէ, փետրվարի 3-ին Այովա նահանգից սկսվում է Դեմոկրատական կուսակցության թեկնածուին ընտրելու քվեարկությունը։ Այնպես որ, սա դեմոկրատ թեկնածուների միջեւ վերջին բանավեճն էր։ Դրանից հետո սկսվելու է մեկ դեմոկրատ թեկնածուի պայքարն ընդդեմ հանրապետական նախագահի։