Մատչելի հղումներ

«Վենդետտա» թե՝ արդարադատություն. Պակիստանի նախկին նախագահի մահապատիժը չեղարկվեց


Պակիստանի դատարանի որոշմամբ այս շաբաթ չեղարկվել է երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի նմատմամբ ավելի վաղ կայացաված մահապատժի որոշումը:

Լահորի դատարանը, չեղարկելով Մուշարաֆի նկատմամբ նախկինում կայացված մահապատիժն, այն «հակասահմանադրական» է անվանել՝ մատնանշելով իրավական գործընթացի բացթողումները: Մուշարաֆը մահապատժի էր դատապարտվել դեկտեմբերին՝ 6 տարի ընթացող դատաքննությունից հետո: Բռնապետ Փերվեզ Մուշարաֆը Պակիստանում իշխանության էր եկել 1999-ին ռազմական ապստամբության արդյունքում:

2007-ին իր դեմ բողոքների ընթացքում Մուշարաֆը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել, դադարեցրել Պակիստանի Սահմանադրության գործունեությունը, աշխատանքից ազատել Գերագույն դատարանի ղեկավարին եւ փակել անկախ մամուլը: Իր գործողությունները Մուշարաֆը բացատրում էր մահմեդական ծայրահեղականներին դիմադրելու անհրաժեշտությամբ։ Սակայն 2008-ին ստիպված էր ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքում Մուշարաֆի կուսակցությունը պարտություն կրեց, իսկ նա, պաշտոնանկության վտանգից երկյուղած, հեռացավ երկրից:

Վերջին երեք տարիներին 76-ամյա բռնապետը Դուբայում էր բնակվում: Իր նկատմամբ քրեական հետապնդումը Մուշարաֆը «անձնական վենդետտա» է անվանում եւ հերքում բոլոր մեղադրանքները: Չեղարկելով Մուշարաֆի նկատմամբ մահապատժի որոշումը՝ Լահորի դատարանն ընդգծել է, որ նախկին բռնապետին մեղսագրվող մեղադրանքները չէին կարող իրականացված լինել միայն մեկ անձի կողմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG