Մատչելի հղումներ

Իրանին կասկածում են խաղաղ ցուցարարների դեմ զենք կիրառելու մեջ


Իրանի ոստիկանությունը հերքել է, որ զենք է օգտագործել Թեհրանում ցուցարարների դեմ, ովքեր բողոքում էին ուկրաինական ինքնաթիռի խոցման ողբերգության կապակցությամբ: Ինքնաթիռում էին գտնվում 82 իրանցիներ:

Հարյուրավոր իրանցիներ վերջերս դուրս էին եկել հակակառավարական ցույցի: Նրանք պահանջում էին, որ կառավարությունը լինի ավելի թափանցիկ ու հաշվետու:

Այս ցույցերը մեկնարկել էին շաբաթ օրը, երբ Իրանը պաշտոնապես ճանաչեց, որ ուկրաինական ինքնաթիռը պատահաբար խոցվել է իրանական հրթիռի կողմից: Հնչում էին նաև կոչեր ընդդեմ հոգևոր առաջնորդների: Հիշեցնենք, որ իրանցի գեներալի սպանությունից հետո, Թեհրանը արձագանքեց Իրաքում ամերիկյան երկու ռազմակայանների հրթիռակոծմամբ:

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի պարսկական ծառայության թղթակցի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակը նշել է, որ ԱՄՆ ղեկավարությունը, ի դեմս նախագահ Թրամփի ու պետքարտուղար Պոմպեոյի, թվիթերյան գրառումներով իրենց աջակցությունն են հայտնել Իրանի ժողովրդին: Այս աջակցության հիմքում է ընկած ըստ խոսնակի այն վստահությունը, որ Իրանի ժողովուրդը պետք է պայքարի կոռումպացված և անադրյունավետ քառասունամյա կարգերի դեմ, որը գումարներ է ծախսում աշխարհում անկայունություն հրահրելու համար՝ երկրի սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն: Նա նաև նախազգուշացրել է Իրանի իշխանություններին խաղաղ ցուցարարների դեմ զենք կիրառելու պատասխանատվության մասին:

«Մենք չենք ցանկանում ականատես լինել նրան, ինչը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, երբ առնվազն 1500 մարդ է սպանվել՝ խաղաղ ցույցին մասնակցելու համար»,- ասում է մամլո խոսնակ Մորգան Օրտագոսը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտւղար Անտոնիո Գուտերեսն իր հերթին հայտնել է, որ խաղաղ ցուցարարների դեմ զենքի կիրառման տեղեկությունը պետք է մանրամասն կերպով հետաքննվի: Իրանի իրավապահները հայտնում են, որ չեն կիրառել զենք ցուցարարների դեմ ու զսպվածություն են դրսևորել գործողությունների ընթացքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG