Մատչելի հղումներ

Անհանգստություններ` Իրանի որոշ քաղաքներում


Թեհրանի կենտրոնական Ազադի հրապարակում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հարյուրավոր այն ցուցարարների դեմ, որոնք հավաքել էին այստեղ բողոքելու համար ուկրաինական մարդատար օդանավը խոցելու փաստը մի քանի օր հերքելու դեմ: Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը նախապես հայտարարում էր, թե օդանավը կործանվել է ոչ Իրանի մեղքով: Հրապարակում, ըստ որոշ տեղեկությունների, տեղի են ունեցել բռնություններ:

Բողոքի ցույցերն այստեղ սկսվել են շաբաթ օրը, շարունակվել կիրակի օրը` հետեւելով սոցիալական ցանցերի կոչերին: Ցուցարաներից շատերը վանկարկել են ‘’մահ ստախոսներին’’ կոչը:


Սոցիալական ցանցերում տեղադրված տեսգրությունները, որոնք պաշտոնապես հաստատված չեն ‘’Ամերիկայի Ձայն’’-ի կողմից, ցույց են տալիս, որ բողոքի ալիքը տարածվում է նաեւ Սպահան ու Ռաշտ քաղաքները:
Ցույցի մասնակիցներն ասում են, թե իրենց զայրացրել է այն հանգամանքը, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով, Իրանի մամուլը փորձել է օդային աղետի փաստը վերագրել տեխնիկական խնդիրներին:

Շաբաթ օրը մի կարճ ժամանակով ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի դեսպանը, որը մասնակցել է զոհերի հիշատակին նվիրված մի արարողության ու հեռացել, երբ սկսվել են բողոքի ցույցերը: Իրանի կառավարությանն աջակից ցուցարարներն էլ հավաքվել են բրիտական դեսպանատան առջեւ`պահանջելով նրա արտաքսումն Իրանից:

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը թվիթերյան գրառմամբ իր աջակցությունն է հայտնել հակակառավարական ցույցի մասնակիցներին: Որոշ տեղեկությունների համաձայն, ցուցարարները պատռել են ամերիկյան դրոնի կրակից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նկարները:
Հիշեցնենք, որ ուկրաինական մարդատար օդանավը պատահաբար էր հայտնվել Իրանի պաշտպանական ուժերի հարվածի ներքո: Ամերիկյան երկու ռազմաբազաների դեմ Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակումներից հետո, Իրանը սպասել է հակահարված ԱՄՆ-ի կողմից ու մարդատար օդանավը շփոթել ամերիկյան հրթիռի հետ:

Իրանի Հեղափոխական գվարդիայի գլխավոր հրամանատար Հուսեին Սալամին ասել է, թե ինքն ավելի շուտ կուզենար լինել այդ օդանավի մեջ ու մեռնել մյուսների հետ միասին, քան ականատես լինել կատարված ողբերգությանը:
Չնայած, որ Իրանն այսօր չի հերքում կատարվածը, այն այնուամենայնիվ հայտնվել է մի շարք երկրների քննադատությունների ներքո:

XS
SM
MD
LG