Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից միակողմանիորեն դուրս գալու ԱՄՆ-ի քայլն է ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների գլխավոր պատճառը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ժենգ Շոնգը Պեկինում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ, այս ծրագիրը ՝՝թերի՛՛ անվանելով, նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ը դուրս բերեց ծրագրից՝ կոչ անելով պայմանագիրը ստորագրած մյուս պետություններին այն պայմանագիր ստորագրել Իրանի հետ։
Ժենգի խոսքերով, Միացյալ Նահանգներն առհամարում է միջազգային օրենքներն ու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։
՝՝Մերձավոր Արեւելքում լարվածությունը սրվում է, եւ Իրանի միջուկային հարցը կանգնած է մեծ խնդիրների առջեւ։ Իսկ պայմանագրից դուրս գալուց հետո Միացյալ Նահանգները ՝՝խստագույն ճնշումներ՛՛ է գործադրում Իրանի վրա, խոչընդոտում պայմանագիրը ստորագրած մյուս կողմերին՛՛, ասել է խոսնակն ու ավելացրել, որ դա է Իրանի միջուկային ծրագրի հարցով լարվածության պատճառը։ ՝՝Պայմանագիրը ստորագրած մյուս կողմերի պարտավորությունն այս հարցին արդար լուծում տալն է՛՛, ասել է նա։
Չինաստանը հայտարարում է, որ սերտ կապեր է պահպանելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի անդամ երկրների հետ՝ փորձելու համար գտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը մեղմելու եւ Մերձավոր Արեւելքում իրադրությունը շտկելու ուղիներ։
՝՝Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ձեռք է բերվել մեծ դժվարությամբ։ Այն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված բազմակողմ դիվանագիտական ծրագիր է եւ աշխարհում միջուկային զենքերը չտարածելու հարցում կարեւոր հիմնաքար՛՛, հայտարարել է Չինաստանի արտգործանախարարության խոսնակը։
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը ստացել է նաեւ ՝՝Իրանի միջուկային միջազգային գործարք՛՛ անվանումը, ստորագրվել է Վիեննայում 2Օ15 թվականին Իրանի, Գերմանիայի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ պետությունների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգերի, ինչպես նաեւ՝ Եվրոպական միության կողմից։