ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա իրանական բալիստիկ հրթիռների հարձակումների արդյունքում չկան մարդկային զոհեր, իսկ ռազմակայաններին հասցված վնասը նվազագույն է:
ԱՄՆ Նախագահն ազդարարեց Իրանի դեմ հավելյալ ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին՝ ընդգծելով, որ Թեհրանը «կարծես հանդարտվել է»: Նա նաև կոչ արեց ՆԱՏՕ-ին էլ ավելի ակտիվ ներգրավվել Մերձավոր Արեևելքի զարգացումներին:
«Քանի դեռ ես նախագահ եմ, Իրանին երբեք թույլ չի տրվի ունենալ միջուկային զենք»,- այս խոսքերով սկսեց իր ելույթը նախագահ Թրամփը:
Պատասխանելով Իրանի կողմից հրթիռակոծման վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ նախագահի հիմնական մրցակից, դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հրաժարվեց մեկնաբանել հրթիռակոծումը՝ բավարար տեղեկություն չունենալու պատճառով, սակայն նախկին փոխնախագահն այս զարգացումները որակեց «կանխատեսելի, մասնավորապես, ըստ նրա, ստեղծված քաոսային իրավիճակը Իրանի ու Իրաքի շուրջ: Նա քննադատեց նախագահ Թրամփի վարչակազմի՝ 2015 թվականի միջուկային պայմանագիրը լքելու որոշումը՝ Թրամփի արտաքին քաղաքականությունը որակելով «անհեթեթ»:
Ղասիմ Սուլեյմանիի սպանությունից հետո Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան միասնաբար կոչ էին արել կողմերին զսպվածություն ցուցաբերել, որից հետո, սակայն, տեղի ունեցավ ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծումը: Եվրոպական երկրները շարունակում են ջանքեր գործադրել 2015 թվականի համաձայնագիրը պահպանելու համար:
Այս օրերին Մերձավոր Արևելքի շատ երկրներում, ինչպես նաև Հնդկաստանում և Պակիստանում գրանցվեցին հակաամերիկյան մեծ ցույցեր: Մոսկվան ու Պեկինը իրենց հերթին դատապարտել են Սոլեյմանիի սպանությունը: Նախագահ Պուտինը հանդես է եկել դրա մասին հայտարարությամբ Դամասկոում իր սիրիացի գործընկեր Ասադի հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանում ուշադրությամբ հետևում են հարևան Իրանի շուրջ զարգացումներին: Իր ֆեյսբուքյան էջում վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը չի ներքաշվի ոչ հակաիրանական և ոչ էլ հակաամերկյան գործողությունների մեջ: Իրանին ու ԱՄՆ-ին կոչելով Հայաստանի բարեկամ երկրներ՝ վարչապետ Փաշինյանը կոչ է արել կողմերին բանակցություններ սկսել՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար:
«Լարվածությունը Իրանի ու ԱՄՆ-ի միջև լուրջ խնդիր է միջազգային հանրության և բնականաբար Հայաստանի համար»,- ասում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Քաղաքագետի կարծիքով կողմերը չեն գնա լայնածավալ ուղիղ բախման, այլ կսահմանափակվեն այլ տարածքներում «պրոքսի» պատերազմներով: Կիրառվող պատժամիջոցները ևս կարող են խնդիրներ ստեղծել Երևանի համար:
«Եթե տնտեսական պատժամիջոցները լինեն գազային ոլորտում, Իրանի էներգետիկ ռեսուրսների կամ իրանական գազային ընկերությունների դեմ, ապա Հայաստանը ևս կարող է տուժել դրանից, քանի որ առկա է սերտ համագործակցություն Իրանի ու ՀՀ միջև այս ոլորտում»,- նշում է Սարգսյանը:
Քաղաքագետի կարծիքով Երևանը պետք է ամեն ինչ անի՝ Հայաստանի տարածքը իրանական ու ամերիկյան հատուկ ծառայությունների բախման թատերաբեմ դառնալու հեռանկարից խուսափելու համար:
Facebook Forum