Մատչելի հղումներ

ԱՄՆ-Իրան. Զայրույթի գրեթե անհատակ խորությունը եւ դրանից բխող չափազանց խորը վտանգը


Իրանում սգում են իրենց ամենահայտնի գեներալներից Սոլեյմանիի մահը, Միացյալ Նահանգներում՝ իրենց ընդդիմությունը հայտնում Մերձավոր Արեւելքում նոր պատերազմ սկսվելու հնարավորության համար։ Իրանի գերագույն առաջնորդը երդվում է վրեժխնդիր լինել գեներալի սպանության համար, ԱՄՆ-ի նախագահը՝ հանդես գալիս այդ դեպքում Իրանում 52 թիրախների հարվածներ հասցնելու սպառնալիքով։

Կոնգրեսում դեմոկրատ օրենսդիրները մտահոգություն են հայտնում Իրանի հետ հարաբերությունները Թրամփի կողմից սրելու փաստի կապակցությամբ։ Ներկայացուցիչների պալատում մտածում են այնպիսի բանաձեւ ընդունելու մասին, որը կսահմանափակի, առանց Կոնգրեսի համաձայնության, Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու Թրամփի իրավունքները։


Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերի խոսքերով, ՝՝հարկավոր է, պատերազմի ու խաղաղության հարցերում պաշտպանել սահամանադրական կարգը՛՛։ Դրան հակառակ, Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելը դատապարտում է դեմոկրատներին, իր խոսքերով ասած, ՝՝երկրի շահերը մի կողմ դնելով՝ կուսակացական շահերն առաջ տանելու համար՛՛։
՝՝Չե՞ն կարողանում արդյոք դեմոկրատները եւս մի հինգ րոպե սպասել՝ իրական փաստերն ամբողջ մանրամասնությամբ իմանալու համար՛՛, հարց է տալիս նա։
Ինչ վերաբերում է փորձագետներին, նրանց մեծամասնությունն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ պատերազմը, չնայած երկկողմ հռետորաբանությանը, հավանական չի թվում։ Նրանցից Մայքըլ Ռուբինի խոսքերով, ՝՝ԱՄՆ-ում չկա պատերազմ սկսելու ախորժակ՛՛։ Սակայն, ասում է նա, եթե Միացյալ Նահանգները երկրի դիվանագետների դեմ պարբերաբար իրականացվող հարձակումներին ի պատասխան չդիմեր Իրանի գեներալին սպանելու քայլին, նման հարձակումները պիտի շարունակվեին։
Վերլուծաբաններից Բարբարա Լիիֆի խոսքերով էլ, Պարսից ծոցի պետություններն են, իրենց շահերից ելնելով, փորձում կանխել հնարավոր պատերազմը։ Նա որպես օրինակ է բերում Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի վերջին հայտարարություններն այն մասին, որ հարկավոր է ամեն ինչ անել լարվածությունը մեղմելու համար։

Ինչ վերաբերում է Իրաքին, որտեղ խորհրդարանն ընդունել է բանաձեւ՝ կոչ անելով կառավարությանն այստեղից հեռացնել ամերիկյան ուժերը, կառավարությունն իրականում չի ցանկանում գնալ նման քայլի։

Մայքըլ Փրիջենթը, որը ներկայացնում է Հադսընի հաստատությունը, նշում է այն հանգամանքը, որ Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին չի ստորագրում խորհրդարանի որոշումը։ ՝՝Ի դեպ, քրդերը չեն մասնակցել քվեարկությանը, չեն մասնակցել շիա մահմեդական օրենսդիրներից շատերը, չեն մասնակցել սուննի մահմեդականները՛՛, ասում է վերլուծաբանն ու ավելացնում, որ բանաձեւն ընդունվել է միայն շիա մահմեդական Բինա կուսակցությունը ներկայացնող խորհրդարանականների քվեարկությամբ։

Ինչեւէ, իրադրությունն Իրանում ու Իրաքում շարունակում է մնալ լարված։ Եվ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ հարյուր հազարավոր սգավորների ներկայությունը ցույց է տալիս մեկ անգամ եւս զայրույթի ոչ միայն գրեթե անհատակ խորությունը, այլ նաեւ՝ չափազանց խորը վտանգը։

XS
SM
MD
LG