Մատչելի հղումներ

Թեհրանը հրաժարվում է միջուկային պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորություններից


Իրանն այս օրերին սգում է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահը, որի ավտոշարասյան դեմ անօդաչու թռչող սարքի կողմից Իրաքում հարձակումն իրականացվել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով: Ավտոշարասյան դեմ գրոհն իրականացվել էր Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ իրականացված հարձակումներից մի քանի օր անց:

Սրան ի պատասխան, Իրաքի խորհրդարանը կիրակի օրն ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում երկրի կառավարությանը պահանջել Իրաքի տարածքից ամերիկյան ուժերի դուրսբերում:

Թրամփը հայտարարում է, թե Սոլեյմանիի սպանությամբ կանխվել է մի մեծ վտանգ: Նրա խոսքերով, Սոլեյմանին հարձակումներ էր կազմակերպում ընդդեմ ամերիկացիների: ‘’Նա ծրագրում էր շատ մեծ մի հարձակում, եւ մենք նրան վերացրինք’’, ասել է Թրամփը:
Հարձակումների մասին նման վկայությունները շատերը համարում են ոչ բավարար ու գտնում, որ Սոլեյմանիի սպանությունն ավելի է վտանգում ամերիկացիներին:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն եւս հայտարարել է, թե գրոհն ընդդեմ Սոլեյմանիի ավտոշարասյան, ճիշտ ժամանակին էր: ‘’Անվտանգության ծառայության համաձայն, Սոլեյմանիի ծրագրած գործողությունները չխափանելու դեպքում առաջ էր գալու շատ ավելի մեծ վտանգ, քան նախորդ շաբաթ մեր կողմից իրականացված գործողություններից հետո’’, ասել է նա:

Թրամփն ասում է, թե իր նպատակն Իրանի դեմ պատերազմ սկսելը չէ: Սակայն թվիթերյան գրառումներով սպառնում է հարվածներ հասցնել այդ երկրի մշակութային 52 թիրախների, եթե Իրանն իրականացնի նոր հարձակումներ: Արգործնախարար Փոմփեոն հերքում է այն մեղադրանքները, թե այսպիսով ԱՄՆ-ը ծրագրում է իրականացնել պատերազմական հանցագործություններ: Իրանի դեմ ռազմական որեւէ հարված լինելու է ‘’օրինական’’, ասել է նա:

Իսկ Իրանում հակաամերիկյան տրամադրություններն այնքան են խորացել, որ խորհրդարանի անդամները միասնաբար վանկարկում են ‘’Մահ Ամերիկային’’ կոչը:

Թրամփի կառավարման օրոք ԱՄՆ-ի վարչակազմի ու Իրանի միջեւ հարաբերությունները միշտ էլ լարված են եղել: Թրամփն էր, որ Միացյալ Նահանգները դուրս բերեց Իրանի հետ կնքված միջուկայի միջազգային պայմանագրից ու վերսկսեց պատժամիջոցներն ընդդեմ Թեհրանի:

Լարվածությունն այժմ ավելի է սրվում, եւ Թեհրանը հայտարարում է, որ հրաժարվում է այդ պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորություններից:


XS
SM
MD
LG