Մատչելի հղումներ

ԱՄՆ-Իրան հարաբերությունները սրվում են Իրաքում


Իրաքում ու Սիրիայում Իրանի աջակցությունը վայելող մի խմբավորման դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային գրոհներից զայրացած մի խումբ փորձել է հասնել Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան գլխավոր շենքին, ինչը նրանց սակայն չի հաջողվել։ Դեսպանության բոլոր աշխատակիցներն անվտանգ պայմաններում են։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեսպանատան դեմ հարձակումը կազմակերպելու մեջ մեղադրում է Թեհրանին ու սպառնում, որ վերջինս է ՝՝կրելու դրա ամբողջ պատասխանատվությունը՛՛։

Այսօր, երբ Սպիտակ տունը քննարկում է այս կապակցությամբ հետագա անելիքները, երկրի դիվանագետներն ասում են, թե ամեն ինչ պիտի արվի հակամարտությունից խուսափելու համար, չնայած այն հանգամանքին, ասում են նրանք, որ Իրանը դրա համար շատ քիչ հնարավորություն է թողնում։

Ինչպես Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայըն Հուքն է ասում, ՝՝Երբ Իրանը հարձակում է գործում ընդդեմ ԱՄՆ-ի, այնպես, ինչպես դա արել է իր հավատարիմ Հեզբուլլահի միջոցով, որպես ինքնապաշտպանություն, մենք կարող ենք դիմել ռազմական ուժի՛՛։

ԱՄՆ-ը հայտարարում է, թե իր կողմից Քաթաեբ Հեզբուլլահի զենքերի պահեստի վրա իրականացված օդային գրոհը պատասխանն էր հրթիռային այն գրոհի, որի արդյունքում ամերիկացի մեկ զինծառայող էր զոհվել։ Վաշինգտոնի պատասխան գործողության արդյունքում առնվազն 25 մարդ է սպանվել։
Վերլուծաբաննաներն ասում են, թե դեսպանության շենքի դեմ իրականցված հարձակումով ու հրթիռակոծման եղանակով Իրանը փորձում է ստիպել ԱՄՆ-ին դուրս գալ Իրաքից։ Սակայն ինչպես նրանցից Թոմաս Ուորիքն է ասում, Իրանը կատարել է սխալ հաշվարկ։

Թրամփի վարչակազմը ճնշումներ է բանեցրել Իրաքի կառավարության վրա՝ դեսպանության շենքի անվտանգությունն ավելի խստորեն ապահովելու համար։ Սակայն փորձագետներից շատերն են կասկածի տակ առնում այս հարցում Իրաքի նվիրվածությունը։
Նրանցից Մայքըլ Փրիջենդը հիշեցնում է, որ Իրաքի կառավարությունը չի դատապարտել Քեթաեբ Հեզբուլլահի գրոհն ընդդեմ այն բազայի, որտեղ Իրաքի անվտանգության ծառայողներ են զոհվել սակայն դատապարտել է դրան ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունը։ ՝՝Ահա, թե որքան վատ է իրադրությունն Իրաքում՛՛, ասում է նա։


Պաշտպանության հարցերով փորձագետների խոսքերով էլ, Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ լարվածության սրումը կարող է վտանգել այս տարածաշրջանում ամերիկյան զորքերին։ Այդ պատճառով երկրի պաշտպանության նախարար Մարք Էսփպերը հայտարարեց դեսպանատան պաշտպանությունն ամրապնդելու նպատակով Իրաքում հավելյալ ուժեր տեղակայելու որոշման մասին։

XS
SM
MD
LG