Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան կվերսկսի միջուկային փորձարկումները


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընը հայտարարել է, թե ինքն այլեւս հավատարիմ չի մնում հեռահար հրթիռների ու միջուկային փորձարկումների վրա միակողմանիորեն հաստատված մորատորիումին, եւ նախազգուշացրել, որ իր երկրի կողմից կիրականացվեն համապատասխան գործողություններ, եթե Միացյալ Նահանգները միջուկային բանակցությունների շրջանակներում չմեղմի իր կեցվածքը։ Այս երկրի պետական լրատվամիջոցները տեղեկացնում են Կիմի այն խոսքերի մասին, ըստ որոնց չկան այդ փորձարկումներից զերծ մնալու հիմքեր այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է զորավարժությունները Հարավային Կորեայի հետ եւ այդ երկրին վաճառում տեխնիկապես հագեցած նորագույն զենքեր։

Հյուսիսային Կորեայի առաջնորդն ավելի ուշ հայտարարել է, որ իր երկիրը շուտով կներկայացնի ՝՝նոր ռազմավարական նշանակության զենք՛՛։

Սակայն այս ամենից զատ Կիմը թողել է երկխոսելու համար հնարավորություն՝ հայտարարելով, թե փորձարկումները կախված կլինեն ԱՄՆ-ի ՝՝վերաբերմունքից՛՛։

Հիշեցնենք, որ կողմերի միջեւ համաձայնություն գալու փորձերը խափանվել են, քանի որ Վաշինգտոնը հրաժարվում է հանել Փհենյանի դեմ հաստատված պատժամիջոցները, քանի դեռ վերջինս չի հրաժարվել միջուկային իր ծրագրից։ Դրան ի պատասխան, Հյուսիսը 2Օ19 թվականին հրթիռային մի քանի փորձարկումներ իրականացրեց՝ փորձելով զիջումների գնալու հարցում ճնշումներ գործադրել ԱՄՆ-ի վրա։

Պատասխան խոսքով հանդես գալով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծես կոծկել է Կիմի սպառնալիքները՝ ասելով, թե իր հարաբերությունները նրա հետ մնում են ՝՝շատ լավ՛՛։ Թրամփն ասել է, թե ինքն ու Կիմը ՝՝ստորագրել են պայմանագիր, խոսել ապամիջուկայնացման մասին՛՛։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփն ասել է. ՝՝Կարծում եմ, Կիմն իր խոսքի տերն է՛՛։

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Մայք Փոմփեոն էլ ասել է, թե ինքը հույս ունի, որ Հյուսիսը կընտրի ոչ թե պատերազմը, այլ՝ խաղաղությունը։

XS
SM
MD
LG