Դեկտեմբերի 25-ին ձերբակալված բռնապետ Չաուշեսկուն և նրա տիկինը՝ Ելենան ենթարկվեցին մահապատժի: Ռազմական դատարանի վճիռը ի կատար ածվեց Տիրգովիշտե քաղաքի մոտ գտնվող ռազմակայանում:
Չաուշեսկուն երկիրը ղեկավարել էր 24 տարի: Նրա կառավարման տարիներն աչքի են ընկել համատարած բռնաճնշումներով ու իշխանության կենտրոնացմամբ: Սակայն 1989 թվականի դեկտեմբերի կեսերին բռնապետական վարչակարգի դեմ Տիմիշոար քաղաքում բռնկված ապստամբությունը տարածվեց ողջ երկրով մեկ՝ վերածվելով համաժողովրդական շարժման:
Մեկ շաբաթ տևած բողոքի ցույցերից հետո դեկտեմբերի 22-ին Չաուշեսկուն լքեց Բուխարեստը, որից հետո ինքն ու իր կինը ձերբակալվեցին ու կարճատև դատավարությունից հետո ենթարկվեցին մահապատժի:
Այդ օրերին բռնությունների ընթացքում զոհվածների հարազատներն այսօր գալիս են Բուխարեստի գերեզմանատուն՝ հարգելու իրենց հարազատների հիշատակը: Ռումինիան նախկին կոմունիստական այն միակ երկիրն է, ուր կոմունիստական վարչակարգի տապալումը ուղեկցվեց բազմաթիվ բռնություններով ու զոհերով:
2004 թվականին երկիրը անդամակցեց ՆԱՏՕ-ին, իսկ 2007-ին ՝ Եվրամիությանը: Այսօր սակայն այն շարունակում է մնալ Եվրոպայի ամենաաղքատ ու կոռումպացված երկրներից մեկը:
Facebook Forum