Մատչելի հղումներ

Հոնկոնգը Սուրբ Ծնունդը դիմավորեց ոստիկանության ու ցուցարարների միջեւ բախումներով


Հոնկոնգի բնակիչները Սուրբ Ծնունդի առավոտը դիմավորեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ կեսգիշերին տեղի ունեցած բախումներից հետո։

Առցանց կոչերն ընդունելով՝ բազմամարդ խմբեր էին նախորդ օրը հավաքվել առեւտրային կենտրոններում ու զբոսաշրջիկների համար հետաքրքիր տեսարժան վայրերում՝ բողոքի ձայն բարձրացնելու ժողովրդավարական իրենց պահանջները կառավարության կողմից անտեսվելու դեմ։
Զբոսաշրջային հատվածներում ոտիկանությունը նաեւ չորեքշաբթի օրն արցունքաբեր գազ կիրառեց, երբ հարյուրավոր անձինք հավաքվեցին՝ խոչընդոտելու համար երթեւեկությունը։ Հատուկ ոստիկանական ուժերը տեղեկացրել էին, որ հավաքն արտոնված չէ։

Ինչպես ցույցի մասնակիցներն ու կազմակերպիչներն են ասում, իրենք շարունակելու են պայքարը ոչ միայն Սուրբծննդյան օրերին, այլ նաեւ Նոր Տարվա գիշերն ու մյուս տոներին։
Ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների պատճառով Հոնկոնգի մետրոն փակել է մի քանի կայարան, ՝՝ուղեւորների ու անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար՛՛։

Հիշեցնենք, որ Հոնկոնգում հակակառավարական բողոքի ալիք բարձրացավ, երբ կառավարությունը 7 ամիս առաջ փորձ կատարեց ընդունել օրենք, ըստ որի կասկածյալ ու մեղադրվող անձինք կարող էին տեղափոխվել Չինաստանի դատարաններ։ Հոկոնգում դրանից հետո տարածվեց այն մտավախությունը, որ իրենց կիսանկախ քաղաքում իշխանությունն աստիճանաբար հանձնվում է Պեկինին։

Ցուցարարներն ասում են, թե իրենք չեն հանգստանալու այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի կատարել իրենց քաղաքական պահանջները, այդ թվում՝ քաղաքի իշխանություններին ընտրելու համար համընդհանուր ընտրություններ անցկացնելու եւ ոստիկանության կողմից ցուցարարների դեմ իրագործված բռնությունները հետաքննելու մասին պահանջները։

XS
SM
MD
LG