Մատչելի հղումներ

Թրամփի աջակիցների թվի վրա իմփիչմենթը չի թողել նկատելի ազդեցություն


Իր համար ամենադժվար պահերին անգամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարողանում է սփոփվել իր կայուն աջակիցների ներկայությամբ: Նույնիսկ Ներկայացուցիչների պալատի կողմից իմփիչմենթի ենթարկվելուց հետո Թրամփը գտնում է իր այս հենարանը:
Կոնգրեսի ստորին պալատի դեմոկրատ կոնգրեսականներն ասում են, թե Թրամփին անվստահության քվե հայտնեցին, քանի որ չէին կարող հանդուրժել իր անձնական շահերի համար Ուկրաինայի օգնությունը հայցելու Թրամփի քայլը:

Նրանցից Ստեյնի Հոյերի խոսքերով, իմփիչմենթով իրենք ուզում էին վերահաստատել որ ‘’Ամերիկան օրենքների երկիր է եւ որ որեւէ մեկը չի կարող վեր դասվել օրենքից’’:

Սակայն հիշեցնենք, որ Կոնգրեսի վերին պալատում իմփիչմենթի հարցով անցկացվելիք դատավարությունն ամենայն հավանականությամբ կարդարացնի Թրամփին, քանի որ այստեղ մեծամասնություն են կազմում նրա կուսակից հանրապետականները:

Դեմոկրատներն ու հանրապետականները կարծում են, որ իմփիչմենթի այս գործընթացն իր ասելիքն է ունենալու նախագահական գալիք ընտրություններում: Եվ երկու կողմերն էլ հավատացած են, որ այդ գործընթացը նպաստելու է իրենց թեկնածուի վարկանիշի բարձրացմանը:

Սակայն ինչպես պատմությունն է ցույց տալիս, ընտրողների շրջանում նման իրադարձություններն արագ են մոռացվում: Վերլուծաբան Լարրի Սաբաթոն ասում է, թե մինչեւ գալիք տարվա նոյեմբեր ամիսն այս հարցն այնքան կարեւորություն չի ունենա, ինչպես անցած ամիսներին էր:

Իսկ ինչպես հարցումներն են ասում, Ամերիկայում հասարակությունը շարունակում է մնալ բաժանված այնպես, ինչպես բաժանված էր մինչեւ իմփիչմենթի գործընթացը: Եվ այն, ինչ եղավ իմփիչմենթի հետ կապված, գոնե մինչ այժմ չթողեց նշանակալի հետք ընտրողների մտածելակերպի վրա, ասում է վերլուծաբան Կապրի Քաֆարոն:

Սենատում դատավարությունը կանցկացվի հունվար ամսին, սակայն այն հարցին, թե որքանով են Թրամփին աջակցում ԱՄՆ-ում, կպատասխանեն նոյեմբերյան ընտրությունները:

XS
SM
MD
LG