Մատչելի հղումներ

Դեմոկրատ թեկնածուների այս տարվա վերջին բանավեճն անցկացվեց Լոս Անջելեսում


ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուների այս տարվա վերջին բանավեճն անցկացվեց Լոս Անջելեսում: Բոլոր թեկնածուներն էլ կողմ էին, որ Թրամփը ենթարկվեր իմփիչմենթի:

Ներկա վարկանիշով առաջին տեղում գտնվող Ջո Բայդընը կարծում է, որ Թրամփի պատճառով հասարակության մեջ առաջ եկած ճեղքվածքը հնարավոր է մի օր վերացնել:

Բայդընին ըստ հարցումների, հետեւում է Վերմոնթը ներկայացնող սենատոր Բերնի Սանդերսը: Նա շարունակում է շեշտը դնել տնտեսության այնպիսի զարգացման վրա, որից շահեին ոչ այնքան հասարակության միայն մեկ տոկոսը կազմող ամենահարուստ խավը, այլ բոլորը:

Տնտեսության վրա է իր խոսքը կենտրոնացնում նաեւ Մասաչուսեթսը ներկայացնող սենատոր Էլիզաբեթ Ուորենը, ու խոստանում ընտրվելու դեպքում կրճատել հարուստների ու աղքատնեի միջեւ բաժանարար գիծը:

Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի քաղաքապետ Փիթ Բութիջիչը մնում է այսպես ասած լավագույն քառյակում: Տնտեսության մասին խոսելիս, նա ասում է, թե խոստումներ տալուց հարկավոր է լինել զգյույշ, քանի որ անկատար խոստումները կվնասեն ամբողջ կուսակցությանը: ‘’Պետք է բարձրացվեն հարուստ անձանց ու մեծ ընկերությունների նկատմամբ սահմանված հարկերը, սակայն խոստումները պիտի լինեն կատարելի’’, ասում է նա:


Գործարար Էնդրու Յանգն էլ խորհուրդ է տալիս, ասելով, որ դեմոկրատները տանուլ կտան Սպիտակ տան համար մղվող պայքարում, եթե շարունակ կենտրոնանան նախագահ Թրամփի վրա:

Վերջին բանավեճի ժամանակ խոսք գնաց նաեւ արտաքին քաղաքական հարցերի մասին: Մի քանի թեկնածուներ իրենց աջակցությունը հայտնեցին Հոնկոնգի ժողովրդավարական պահանջներով անցկացված ցույցերի նկատմամբ: ‘’Եթե ուզում ենք ուղերձ հղել Չինաստանին կամ մեր որեւէ դաշնակցի, արտաքին քաղաքականությունը պիտի հենենք մարդու իրավունքների պաշտպանության վրա’’, ասում է սենատոր Էմի Քլոբուքարը:

Նախնական ընտրությունները կսկսվեն Այովա նահանգում փետրվարի 3-ին:

XS
SM
MD
LG