Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ռուս-ուկրաինական հարաբերություններին տարեվերջին կայացած ավանդական իր մամլո ասուլիսին, որին ներկա էին մոտ 1900 լրագրողներ Ռուսաստանից ու արտասահմանից:
Ուկրաինայի տարածքով տարանցիկ գազի մասին խոսելիս, ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան ծրագրում է պահպանել տարանցումը Ուկրաինայով ՝ չնայած այլ գազուղիներն ավելի կարճ են: Նա նաև ընդգծեց, որ խնդիրը գազի ծավալն է ու այն ժամկետը, որում կկնքվի նոր համաձայնագիրը:
Կիևը և Մոսկվան այժմ բանակցություններ են վարում գազի տարանցման համար նոր համաձայնագրի շուրջ: Հին համաձայնագրի ժամկետը լրանում է մինչև ընթացիկ տարվա ավարտը: Ռուսական կողմը պնդում է, որ Ուկրաինայի առաջարկած գինը գազի տարանցման համար չափազանց բարձր է:
Պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին Դոնբասի հակամարտության վերաբերյալ՝ Պուտինը նշել է, որ այսօր Դոնբասում չկան օտաերկրյա զորքեր: Ըստ նրա, այնտեղ կռվում են տեղական ոստիկանությունն ու տեղի բնակչությունը: Նա, սակայն, ընդգծեց վարձկանների առկայությունը:
«Ինչ վերաբերում է վարձկաններին, ապա այո, նրանք առկա են: Ես Փարիզում էլ եմ ասել. այնտեղ կան ֆրանսիացի, գերմանացի վարձկաններ, որոնք կռվում են երկու կողմից: Եկե՛ք ուսումնասիրենք այս հարցը, բայց նրանք չեն կազմում զորամիավորումների հիմքը»,- ասում է Պուտինը:
Նա շեշտեց, որ ռազմական ուժի կիրառմամբ դժվար թե հնարավոր լինի կարգավորել այս հարցը: Ըստ Պուտինի, այն կկարգավորվի միայն խաղաղ պայմանավորվածությունների միջոցով:
Facebook Forum