ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին անվստահության քվե հայտնելու՝ նրան իմփիչմենթի ենթարկելու հանգամանքն արդեն վաղուց էր համարվում անխուսափելի։ Երկար տեւած քննարկումներից ու լսումներից հետո չորեքշաբթի օրն անցկացված քվեարկության արդյունքում այդպես էլ եղավ. Թրամփի դեմ ու կողմ հանդես եկող կոնգրեսականների մի շարք ելույթներից հետո, ինչը տեւեց ավելի քան ութ ժամ, Ներկայացուցիչների պալատն իմփիչմենթի ենթարկեց նախագահին։
Ո՞րն է շարունակությունը։ Շարունակությունը Կոնգրեսի վերին պալատում է՝ Սենատում, որտեղ արդեն կանցկացվի դատավարություն, ինչպես նախատեսված է երկրի սահմանադրության մեջ։
Սահմանադրությունը Ներկայացիցիչների պալատին տալիս է ՝՝իմփիչմենթի լիակատար իրավունք՛՛, ինչպես նաեւ մեղադրանքներ ներկայացնելու իրավունք։ Սակայն Սենատն է, որն անցկացնում է դատավարություն եւ այն ունի նախագահին հանցագործությունների համար դատապարտելու լիազորություն։
Իմփիչմենթի հայտ է ԱՄՆ-ի պատմության ընթացքում ներկայացվել 45 նախագահներից 4-ի դեմ։
Էնդրյու Ջոնսոնին իմփիչմենթի ենթարկելու պատճառը, Կոնգրեսին հակառակվելով, ռազմական նախարարին աշխատանքից ազատելն էր։ Դատապարտումից նա ազատվեց մեկ ձայնի շնորհիվ։
Ռիչարդ Նիքսոնը հրաժարական ներկայացրեց, նախքան Ներկայացուցիչների պալատը կքվեարկեր իմփիչմենթի հոդվածները, որոնցով նա մեղադրվում էր հակադիր քաղաքական կուսակցության գլխավոր շտաբում կատարված կողոպուտի հետաքննությունը խոչընդոտելու համար։
Բիլ Քլինթոնի դեմ իմփիչմենթ ներկայացվեց, երբ նա ստեց՝ հերքելով Սպիտակ տանը փորձաշրջան անցնող աղջկա հետ սեռական կապը։ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց իմփիչմենթին, սակայն 1999թ․ Սենատը արդարացրեց նրան։
Դոնալդ Թրամփի իմփիչմենթը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա ստիպել է Ուկրաինայի կառավարությանը հետաքննություն սկսել իր քաղաքական հակառակորդի նկատմամբ։
Այսպիսով Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ երրորդ նախագահը, որը ենթարկվեց իմփիչմենթի Կոնգրեսի ստորին պալատում:
Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի ենթարկվելուց հետո, Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակից հանրապետականները, նախագահին չի դատապարտի ու նա կշարունակի իր աշխատանքները երկրի նախագահի պաշտոնում։