Մատչելի հղումներ

Նախագահի դեմոկրատ թեկնածուները նախապատրաստվում են հունվարյան թեժ մրցակցությանը


ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդընը միշտ է ասում, թե ինքը նախագահ Դոնալդ Թրամփին հաջորդ ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունեցող թեկնածուն է։ Այո, Բայդընն այսօր շարունակում է թեկնածուների շրջանում, ըստ հարցումների, առաջին տեղը զբաղեցնել։ Սակայն նա շատ մեծ մարտահրավերի առջեւ կարող է կանգնել Այովայի եւ Նյու Հեմփշիրի վաղաժամ ընտրությունների ժամանակ, որտեղ մեծ հաջողություն գրանցելու հնարավորություններ ունի թեկնածուներից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որն իր հանդիպումների ժամանակ շեշտը դնում է տնտեսությանը զարկ տալու նպատակով միջին ու ցածր խավերի եկամուտներն ավելացնելու խնդրի վրա։
Սակայն, եթե Ուորենի նախկին ավելի բարձր վարկանիշը գրանցել է որոշ անկում, ապա նախկինում ավելի ցածր վարկանիշի արժանացած Փիթ Բութիջիչը գրանցում է աճ։ Նա հանդես է գալիս հասարակության շերտերը բեւեռացնելու փոխարեն, դրանք միմյանց սերտացնելու կարեւորության մասին հայտարարություններով։

Վերմոնթը ներկայացնող սենատոր Բերնի Սանդերսն ավելի հաճախ կենտրոնանում է Թրամփին թիրախավորելու վրա։ ՝՝Եթե Թրամփը փորձում է բաժանել մեզ բոլորիս, ապա մեր նպատակը մարդկանց համախմբելն է՛՛, ասում է նա։

Մյուս թեկնածուներն առայժմ ունեն ցածր վարկանիշ, ու իրենց հույսը դրել են Այովայում հանկարծակի հաջողություն գրանցելու հնարավորության վրա։ Այդ թեկնածուներից են սենատորներ Էմի Քլոբուչարն ու Քորի Բուքերը եւ գործարար Էնդրու Յանգը։

Դեմոկրատները միմյանց միջեւ ընտրություն են կատարելու հետեւյալ երկու սկզբունքներով՝ նախընտրում են չափավորականներին, որոնք կկարողանան հաղթել Թրամփին, թե լիբերալներին, որոնք ցանկանում են իրականացնել տնտեսական ու սոցիալական հիմնարար փոփոխություններ։

Ինչ վերաբերում է ընտրարշավին միայն վերջերս միացած Մայքըլ Բլումբերգին, պետք է ասել, որ 5Օ միլիարդ դոլարի կարողություն ունեցող Նյու Յորքի նախկին քաղաքագլուխը հեռուստատեսային գովազդների համար արդեն իսկ միլիոնավոր դոլարներ ծախսելով, ըստ հարցումների, ունի կայուն աճ գրանցող մոտ 9 տոկոսի վարկանիշ։

XS
SM
MD
LG