Մատչելի հղումներ

Փաշինյանի աջակցության աստիճանին հասնելու համար այլ ղեկավարներ ամեն ինչ կանեին՝ ամերիկյան փորձագետ


Չնայած «Թավշյա հեղափոխության մեղրամիսն» ավարտվել է եւ Հայաստանի կառավարությունը լծված է առօրյա աշխատանքի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցության աստիճանը հայ հասարակության շրջանում աննախադեպ է մնում, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ԱՄՆ-ի Հանրապետական միջազգային ինստիտուտի Եվրասիայի տարածքի պատասխանատու Սթիվեն Նիքսը: Հանրապետական միջազգային ինստիտուտի կողմից Հայաստանի հանրային կարծիքի հետազոտության համաձայն, Փաշինյանի աջակցության աստիճանը Հայաստանում 76 տոկոս է կազմում.

«Նախկին խորհրդային տարածքում ցանկացած ղեկավար, ցանկացած առաջնորդ ամեն ինչ կաներ նման բարձր վարկանիշի համար»:

Նիքսի խոսքով, վարչապետի եւ կառավարության բարձր աջակցությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում վարչակազմի գործունեության աջակցության կարեւորագույն ցուցանիշն է.

«Մեր հարցման առավել կարեւոր բացահայտումներից մեկը լավատեսությունն է, որ տիրում է հայ հասարակության շրջանում: Հայաստանցիների 70 տոկոսը լավատես են իրենց երկրի ապագայի նկատմամբ: Մենք հարցումներ ենք անցկացնում հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում եւ պետք է ասեմ, որ հայերի լավատեսության մակարդակը բոլորից բարձր է: Դա ինքնին ցնցող է»:

Միեւնույն ժամանակ, քաղաքացիները գիտակցում են, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումը՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական եւ տնտեսական իրական բարեփոխումներ, ժամանակ է պահանջում, նշում է Սթիվեն Նիքսը.

«Ըստ մեր ստացած արդյունքների, ժողովուրդը պատրաստ է այս կառավարությանը տալու ժամանակ այս խնդիրները կարգավորելու համար»:

Հանրապետական միջազգային ինստիտուտի ներկայացուցչի կարծիքով, այն փաստը, որ նախկին իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերի աջակցությունը ցածր մակարդակի վրա է մնում, վկայում է մեկ բանի մասին՝ գործող իշխանություններին հաջողվում է լիարժեք կապ պահպանել հասարակության հետ.

«Գործող կառավարությունը շատ արդյունավետ է հաղորդում իր ասելիքը եւ ծրագրերը քաղաքացիներին, ինչի մասին վկայում են տվյալները: Իսկ ահա նախկին իշխանությունների ուղերձը արձագանք չի գտնում քաղաքացիներիշրջանում»:

Facebook Forum

XS
SM
MD
LG