Մատչելի հղումներ

Ներկայացուցիչների պալատն այս շաբաթվա ընթացքում կքվեարկի Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցը


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այս շաբաթվա ընթացքում քվեարկելու է նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցը։ Դրանից հետո Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակից հանրապետականները, հունվարի սկզբին կանցկացնի դատավարությունը։ Այդ պատճառով Սպիտակ տունը նախապատրաստվում է այս ՝՝ճակատամարտին՛՛։
Դեմոկրատ կոնգրեսականները պահանջում են, որ Սենատը դատավարության ընթացքում հրավիրի հավելյալ վկաների, այդ թվում՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մուլվանեյին եւ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին։
Սպիտակ տունն այս գործընթացն անվանում է ՝՝կուսակցական խայտառակ գործընթաց՛՛։ Իսկ նման հայտարարությունները դրական ազդեցություն են գործում Թրամփի աջակից զանգվածի դիրքորոշման վրա։
՝՝Ու եթե նախագահի աջակիցների թիվը չի պակասում, հանրապետական սենատորները դժվար թե որոշեն երես թեքել նրանից՛՛, ասում է վերլուծաբան Թոդ Բելթը։

Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելը խոստացել է ՝՝լիովին համագործակցել՛՛ վարչակազմի հետ, ինչը մեծաթիվ փորձագետների է թույլ տալիս նրան քննադատել անկողմնակալ լինելու պարտավորությունը ոտնահարելու համար։

Հանրապետականների ռազմավարության ուղղություններից մեկը մնում է նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդընին կոռուպցիայի մեջ մեղադրելու քաղաքականությունը։ Նրանք մեղադրում են Բայդընին այն բանի համար, որ նա թույլ է տվել իր որդուն դառնալ ուկրաինական էներգետիկ մի ընկերության խորհրդի անդամ այն ժամանակ, երբ ինքը զբաղեցնում էր ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը։ Ջո Բայդընը մերժում է Թրամփի իմփիչմենթի դատավարությանը հանդես գալու կոչերը՝ այդ կոչերը համարելով ուշադրությունը շեղելու Թրամփի կողմից կազմակերպված դավադրություն։

Վերլուծաբաններից շատերն են ասում, որ այդ մեղադրանքները Բայդընի ընտրարշավի վրա կարող են թողնել բացասական ազդեցություն։

XS
SM
MD
LG