Մատչելի հղումներ

Թուրքիան ռազմական անօդաչու թռչող սարքեր է ուղարկել հյուսիսային Կիպրոս


Թուրքիան ռազմական անօդաչու թռչող սարքեր է ուղարկել հյուսիսային Կիպրոս։ Գազի պաշարներով հարուստ միջերկրածովյան այս հատվածում իրադրությունը լարվել է այդ պաշարների պատկանելության շուրջ առկա տարաձայնությունների պատճառով։
Թուրքիային պատկանող անօդաչու թռչող սարքերն այստեղ են ժամանել այն բանից հետո, երբ միայն Անկարայի կողմից ճանաչում ստացած Կիպրոսի թուրքական կառավարությունը տվեց դրանք այստեղ տեղակայելու արտոնություն։ Դրանց նպատակը թուրքական հետազոտական նավերի անվտանգությունը պաշտպանելն է, այն նավերի, որոնք միջերկրածովյան այս կղզու շրջակա ջրային վիճահարույց տարածքներում իրականացնում են ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ։


Լարվածությունը տարածվում է նաեւ դեպի հարեւան երկրներ, այդ թվում՝ դեպի Իսրայել։ Ըստ այս երկրի լրատվամիջոցների, թուրքական ռազմանավերն Իսրայելին պատկանող գիտահետազոտական նավերից մեկին երկու շաբաթ առաջ ստիպել են հեռանալ Կիպրոսի շրջակայքից։ Անցյալ շաբաթ, որպես թուրքական գործողությանը պատասխան քայլ, Իսրայելի ռազմաօդանավերը նույն հատվածում թռիչքներ են իրականացրել թուրքական գիտահետազոտական նավերի գլխավերեւով։

Իսրայելն ու Եգիպտոսը Կիպրոսի հունական կառավարության հետ կնքել են էներգիայի աղբյուրների համատեղ ուսումնասիրություն իրականացնելու մասին համաձայնագիր։ Իսկ Թուրքիան, Հունաստանն ու Մեծ Բրիտանիան համարվում են Կիպրոսի երաշխավորները համաձայն այս երկրին անկախություն շնորհած միջազգային պայմանագրի։

Հիշեցնենք, որ Կիպրոսը 1974 թվականից ի վեր բաժանվել է թուրքական ու հունական հատվածների։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Հունաստանի կողմից կազմակերպված հեղաշրջման արդյունքում Թուրքիան այստեղ իրականացրեց ռազմական ներխուժում։ Միջազգային համայնքը ճանաչում է միայն Կիպրոսի հունական կառավարությանը։

XS
SM
MD
LG