Մատչելի հղումներ

‘’Փախստականների խնդիրը պետք է լուծվի միջազգային մակարդակով’’. ՄԱԿ


Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գործակալությունն անցկացնում է տասնյակ միլիոնավոր փախստականների համար միջազգային աջակցություն ապահովելու նպատակ ունեցող իր առաջին ֆորումը:

Այսօր աշխարհում տեղահանված անձանց մեծ մասը գտնվում են իրենց իսկ երկրներում: Այլ երկրներում է այս պահին բնակվում մոտ 25 միլիոն մարդ: Ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկիրը Թուրքիան է, որտեղ այս պահին կա 3.5 միլիոն փախստական:

Չնայած Սիրիայում իրադրությունը դեռեւս լիովին անվտանգ չէ, մեծաթիվ սիրիացիներ են վերադառնում հայրենիք: Ինչպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակաության ներկայացուցիչ Գիլիան Թրիգսն է ասում, վերադարձողների թիվը հասնում է տասնյակ հազարների:

Սիրիայի քաղաքացիական պատերազմը, որը տեւեց ութ տարի, դարձավ պատճառ այստեղից 13 միլիոն մարդկանց արտագաղթի համար: Արդեն 40 տարի շարունակվող աֆղանական պատերազմի պատճառով չի դադարում արտագաղթն այս երկրից:


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդի խոսքերով, մարդկանց մի մասը հեռանում է տնտեսական ավելի լավ պայմաններում իր կյանքը շարունակելու համար, սակայն շատերը փախուստի են դիմում սարսափելի բռնություններից ու հետապնդումներից խույս տալու նպատակով:

Իսկ հատկապես այն երկրներում, որտեղ այսօր առկա են մեծ թվով փախստականներ, ինչպես օրինակ Թուրքիան, Հորդանանը, Լիբանանն ու Գերմանիան, մեծանում է փախստականներին հետ` իրենց երկրները վերադարձնելու ճնշումը: Հիմնականում միգրացիան էր, որը Մեծ Բրիտանիային ստիպեց դուրս գալ Եվրոպական միությունից: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, պետք է նշել, որ այստեղ հաստատել են սահմանային խիստ ստուգումներ, որտեղ երեխաներին հաճախ բաժանում են իրենց ծնողներից, մեծ թվով ընտանիքների` արտաքսում երկրից:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ասում է, թե խնդիրը պետք է լուծվի միջազգային մակարդակով:

Այդ պատճառով Ժնեւի վեհաժողովին, որն անցկացվում է դեկտեմբերի 16-ից 18-ը, մասնակցելու է հրավիրվել 3000 մարդ, որոնց թվում են պետությունների ղեկավարներ, նախարարներ, մեծաթիվ լրագրողներ: Ուշադրության կենտրոնում են հիմնականում Սիրիան, Աֆղանստանը, Մյանմարը, Սոմալին, Հարավային Սուդանն ու Վենեսուելան: Երկրներ, որտեղից վերջին տարիներին հեռացել են միլիոնավոր մարդիկ:


XS
SM
MD
LG