Մատչելի հղումներ

Թուրքիայի նախկին վարչապետը հիմնում է "Ապագայի կուսակցություն"


Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատության է ենթարկել իր նախկին ղեկավար Թայիփ Էրդողանին, հայտարարելով, թե երկիրը հետընթաց է ապրում այստեղ իշխանության կենտրոնացման, տնտեսական ճգնաժամի ու վախի մթնոլորտի պայմաններում:

Նոր կուսակցություն հիմնելու նպատակով պաշտոնական դիմում ներկայացնելուց հետո, Դավութօղլուն ասել է, թե անհնար է պահպանել ժողովրդավարական կարգը, քանի դեռ չեղյալ չի հայտարարվել նախագահական նոր համակարգը:

Դավութօղլուն, որն այսօր վաթսուն տարեկան է, մահմեդական արմատներ ունեցող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից դուրս էր եկել սեպտեմբեր ամսին ու հայտարարել, որ Թուրքիայի քաղաքական աշխարհը տասնյոթ տարի ղեկավարած այս կուսակցությունն այլեւս չի կարողանում լուծել երկրի խնդիրներն ու դառնում է նոր խնդիրների պատճառ:

Դավութօղլուն Թուրքիայի վարչապետի պաշտոնն է զբաղեցրել 2014 -ից 2016 թվականներին, որից հետո, նախագահի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում ներկայացրել էր հրաժարական: Նրան այս պաշտոնում փոխարինելու եկավ Էրդողանի մեկ այլ հավատարիմ գործիչ, երբ երկիրն անցում կատարեց կառավարման նախագահական համակարգին:

Առանց Էրդողանի անունը նշելու, Դավութօղլուն սուր քննադատության է ենթարկում իշխանության կենտրոնացումը մի ղեկավարի շուրջ, որը երկիրը կառավարում է 2003 թվականից, որպես վարչապետ, ապա` նախագահ:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն հրաժարական էր ներկայացրել նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի հրաժարականից երկու ամիս անց: Վերջինս նույնպես բողոքել էր խորը տարաձայնությունների համար: Բաբաջանը նույնպես մտադիր է հիմնել իր քաղաքական կուսակցությունը:

Ներկա հարցումները ցույց են տալիս, որ նոր կուսակցությունները վայելում են ընտրողների շատ փոքր համակրանքը, ինչը նշանակում է, որ նրանք կարող են շատ փոքր մարտահրավեր հանդիսանալ Էրդողանի համար:

Սակայն մյուս կողմից, Անկարայի քաղաքագլխի ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտությունը եւ տնտեսական դժվարությունները խարխլել են Էրդողանի քաղաքական հիմքերը, եւ նրա նկատմամբ աջակցության մի փոքր կորուստն անգամ կարող է դառնալ ուժեղ հարված նրա վարչակարգի ժամկետը երկարաձգելու ջանքերին: Հաջորդ ընտրություններն այստեղ անցկացվելու են 2023 թվականին:

XS
SM
MD
LG