Մատչելի հղումներ

Խոսե՞լ են Թրամփն ու Լավրովն ընտրությունների մասին, թե՞ ոչ


՝՝Նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ասել է, որ Ամերիկայի ընտրություններում Մոսկվայի միջամտությունն անընդունելի է՛՛։ Այս մասին չորեքշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ հակադրվելով Լավրովի այն հայտարարությանը, թե երկու կողմերն ընտրություններին վերաբերող հարցեր չեն քննարկել։

Թրամփի ու Լավրովի միջեւ հանդիպումից հետո Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը հորդորել է Ռուսաստանին միջամտություն չցուցաբերել 2Օ2Օ թվականի ընտրություններում։ Սա խոսում է այն մասին, որ Թրամփը խստացնում է իր դիրքորոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2Օ18 թվականին նա ասել էր, թե հավատում է Ռուսաստանի առաջնորդի այն խոսքերին, որ Մոսկվան չի ցուցաբերել միջամտություն 2Օ16 թվականի ընտրություններում։

Այսօր, եթե Ռուսաստանի արտգործնախարարը, անդրադառնալով Սպիտակ տան հայտարարությանն, ասում է, թե իրենք չեն էլ քննարկել ընտրությունները, ԱՄՆ-ի նրա պաշտոնակից Մայք Փոմփեոն ասում է, թե չմիջամտելու հորդորներով իր կողմը հանդես է եկել յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։

Ինչեւէ, Լավրովի ու Թրամփի միջեւ հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք այլ հարցեր՝ Սիրիա, Ուկրաինա, միջուկային զենքերի վերահսկողություն։ Պուտինն անցյալ շաբաթ էր ասել, թե Ռուսաստանը պատրաստ է երկարաձգել Նոր Ռազմավարական զենքրը կրճատելու մասին պայմանագիրը։ Նոր ՍՏԱՐՏ անվանումը կրող այս համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2Օ21 թվականին։

Նոր Ստարտ պայմանագիրը կրճատում է միջուկային այն մարտագլխիկների թիվը, որոնք Մոսկվան ու Վաշինգտոնը կարող են տեղակայել։
Ինչպես Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Մարկ Սիմակովսկին է ասում, Լավրովի այցի նպատակը միայն Նոր Ստարտը երկարաձգելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին հավաստիացումներ ստանալը չէր։ ՝՝Նա ցանկանում էր նաեւ տեղեկություններ ստանալ այն մասին, թե Թրամփը ինչ է մտադիր անել Ուկրաինային հատկացվող ամերիկյան աջակցությունը կրճատելու համար՛՛, ասում է վերլուծաբանը։

Սիմակովսկիի նման մեծաթիվ վերլուծաբաններ են այն կարծիքին, որ իր այս հանիպումով Թրամփը ցանկանում է ցույց տալ ԱՄՆ-ի ժողովրդին, որ հակառակ իր դեմ այստեղ շարունակվող իմփիչմենթի գործընթացին, ինքը վերահսկում է Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ ցանկանում բարելավել դրանք։

XS
SM
MD
LG