Հայաստանում կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ջանքերը վայելում են հասարակության մեծ աջակցությունը։ Բնակչության մեծամասնությունը լավատեսորեն է նայում երկրի ապագային։ Այս մասին հայտնում է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հասարակական հարցումների կենտրոնը՝ հենվելով Հայաստանում անցկացված հարցման վրա։ Ըստ հարցման արդյունքների, քաղաքացիները նաև ցանկանում են տեսնել հավելյալ քայլեր՝ ուղղված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ինչպես նաև գործողություններ՝ անցումային արդարադատության ոլորտում։ Հարցման ենթարկվածների 66 տոկոսը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունն անում է բավարար քայլեր։ Հարցվածների 70 տոկոսն այն կարծիքին է, որ այդ պայքարը եղել է արդյունավետ։
Ինչպես ՄՀԻ-ի Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Ստիվեն Նիքսն է ասում, «Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ վերջերս ներկայացված պաշտոնական մեղադրանքները ցույց են տալիս, թե որքան լուրջ է եղել կոռուպցիայի խնդիրը նախկին վարչակարգի ժամանակ»։
Հայաստանի բնակչության 70 տոկոսը լավատես է երկրի ապագայի նկատմամբ։ 62 տոկոսը կարծում է, որ երկրի զարգացումն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ Իշխանությունների աշխատանքի նկատմամբ մարդկանց գոհունակությունն ունի բարձր ցուցանիշ։ Ըստ հարցման, վարչապետի գրասենյակի աշխատանքը դրական է գնահատում մարդկանց 76, Ազգային ժողովինը՝ 63 տոկոսը։
Սակայն չնայած լավատեսությանը՝ կան նաև մտահոգություններ։ Շարունակում է աճել այն քաղաքացիների թիվը, ովքեր որպես կարեւոր առաջնայնություն են համարում աշխատատեղերի ստեղծումն (38 տոկոս՝ նախորդ հարցման 30 տոկոսի համեմատությամբ) ու սոցիալ-տնտեսական խնդիրները (29 տոկոս՝ նախորդ հարցման 18 տոկոսի համեմատությամբ)։ Աճ է գրանցել նաեւ այն քաղաքացիների թիվը, ովքեր որպես կառավարության ամենամեծ ձախողում են նշել վատ կառավարումը՝ 27 տոկոս, ինչը նշանակում է 5 տոկոսի աճ: Սթիվեն Նիքսը նշել է, թե չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը լավ ցուցանիշների է հասել հակակոռուպցիոն բարեփոխումների բնագավառում, մտահոգություններ կան սոցիալ-տնտեսական ասպարեզում առաջընթացի արագության հարցում։
Հայաստանի բնակչությունը նաև ցույց է տալիս մեծ հետաքրքրություն դատական բարեփոխումների ու անցումային արդարադատության իրականացման հանդեպ։ Հարցվածների 82 տոկոսը գտնում է, որ դատական բարեփոխումները պետք է լինեն կարևոր առաջնայնություն, 60 տոկոսը ցանկանում է տեսնել այնպիսի անցումային արդարադատության համակարգ, որը կքննի նախորդ վարչակարգի ժամանակ տեղի ունեցած յուրաքանչյուր խնդիր՝ կոռուպցիայից ու ապօրինի հարստացումից մինչև մարդու իրավունքների խախտումներն և ընտրակեղծիքը։
Ինչպես ներկայացված զեկույցում է ասվում, պատմականորեն հայրիշխանական հասարակություն հանդիսացող Հայաստանում ժողովրդի 96 տոկոսը կարծում է, որ օրենքով պատժելի պիտի լինեն կանանց հանդեպ բռնության բոլոր տեսակները։ Հարցվածների 90 տոկոսը հավատացած է, որ պետությունը պետք է վերացնի կանանց նկատմամբ խտրական օրենքներն ու գործելակերպը։