Մատչելի հղումներ

Գերիների փոխանակությունն ԱՄՆ-ը ու Իրանը համարում են հաշտության գնալու նշան


ԱՄՆ-ի քաղաքացի Քսիյու Ուանգի շահերը պաշտպանող իրանցի փաստաբան Սեյեդ Հոսեին Թաաջն ասել է, թե իր պաշտպանյալը, որին գերիների փոխանակման արդյունքում ազատ էին արձակել անցած շաբաթավերջին, գերության մեջ չի ենթարկվել տանջամիջոցների։

Իրանական բանտում երեք տարի պահվող Ուանգին ազատ էին արձակել շաբաթ օրը։ Գերիների փոխանակման հարցով ձեռքբերված համաձայնությամբ նույն օրն ԱՄՆ-ի բանտից ազատ էր արձակվել Իրանի համալսարանի դասախոս Մասուդ Սոլեյմանին։ Վերջինս ԱՄՆ-ում կալանավորված էր մոտ 14 ամիս։

Նույն օրը թվիթերյան գրառումներ են այս առնչությամբ կատարել Իրանի արտգործանախարար Ջավադ Զարիֆը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ շնորհակալություն հայտնելով գերիների փոխանակումն իրականացնելու հարցով երկու կողմերի պաշտոնատար անձանց համագործակցության համար։ Երկուսն էլ հույս են հայտնել, որ Վաշինգտոնն ու Թեհրանը նման համագործակցության արդյունքում կարող են մոտենալ խաղաղության բանակցություններին։

Գերիների փոխանակությունն իրականացվել է Շվեյցարիայի հովանու ներքո։

Իրանի արտգործնախարարը երկուշաբթի օրը հայտարարել է, թե Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ գերիների լիակատար փոխանակությանը։ Թվիթերում նա գրել է. ՝՝Գնդակն այժմ ԱՄՆ-ի դաշտում է՛՛։

XS
SM
MD
LG