Այն, ինչ սկսվեց ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում որպես փաստահավաք առաքելություն, ի վերջո վերածվեց նախագահ Թրամփին անվստահության քվե հայտնելու՝ իմփիչմենթի գործընթացի։ Գործընթաց, որը ե՛ւ Թրամփը ե՛ւ նրա հանրապետական կուսակիցները համարում են քաղաքական հենքի վրա կազմված գործ։
Ինչպես հանրապետական կոնգրեսական Դագ Քոլինսն է ասում, դեմոկրատներն այս գործընթացում խոսում են ԱՄՆ-ի ներքին հարցերում օտար երկրի ներգրավվածության վտանգի մասին, սակայն իմփիչմենթի գործընաց են սկսում ավելի շատ ՝՝Թրամփին չսիրելու պատճառով՛՛։
Սպիտակ տունը Կոնգրեսի ծանուցագրերն անտեսելու հրահանգ է տվել կառավարության այն պաշտոնյաներին, որոնք մանրամասներ գիտեն Թրամփի եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկիի միջեւ այսօր արդեն տխրահռչակ համարվող հեռախոսազրույցի մասին։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքների, Թրամփը Զելենսկիին խնդրել էր հայտնել իր մրցակից Բայդընին վնասող տեղեկություններ։
Նույնիսկ դեմոկրատների շարքում կան կոնգրեսականներ, ինչպես օրինակ Զո Լոֆգրենն, ովքեր ասում են, թե վկաներին լսումներին մասնակցելու պարտավորությունից հետ պահելու քայլը հակասում է երկրի սահմանադրությանը։ ՝՝Եվ այն կարող է դառնալ սպառնալիք ազգային անվտանգությանը։ Դա նաեւ իշխանության չարաշահում է՛՛, ասում է նա։
Իսկ եթե կառավարության անդամներին ստիպեն ներկայանալ լսումներին, այն կդառնա վտանգավոր նախադեպ, ասում են հանրապետականները։ Այս մասին է ասում Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մեթ Գեթզը։
Ինչեւէ, Կոնգրեսի ստորին պալատի դատական հարցերով հանձնաժողովում երկուշաբթի օրն ուսումնասիրում են Թրամփի դեմ ներկայացված վկայությունները։ Հանձնաժողովի նախագահ Ջերրի Նադլերի խոսքերով, դրանց հիման վրա մինչեւ այս շաբաթվա վերջը քվեարկության կդրվեն իմփիչմենթի մասին հոդվածները։