Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում արձանագրված դրական ու բացասական փաստերը


ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձինք հավատվացած են, որ Լոնդոնում անցկացված գագաթաժողովը մի մեծ առաջընթաց էր ռուսական ագրեսիայի դեմ այս դաշինքն ամրապնդելու գործում: Սակայն դաշինքի 70 ամյակին նվիրված հանդիպումը նաեւ ընդգծեց միմյանց միջեւ խարխուլ հարաբերությունները: Այս հանդիպման մասին ամեն անգամ խոսելիս, միշտ կհիշվի, թե ինչպես էին Կանադայի վարչապետի հետ միասին մի քանի այլ ղեկավարներ ծաղրում ԱՄՆ-ի նախագահ Թրամփին:


Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն այդ դեպքից հետո, որպես ապաշխարանք, հայտարարեց, թե ինքը լավ հարաբերություններ ունի Թրամփի հետ եւ որ ինքը չի ծաղրել Թրամփին: Ու գուցե նաեւ դա հաշվի առնելով, Թրամփը նրան ‘’երկերեսանի’’ անվանեց: Դրանից հետո էր, որ Թրամփը հրաժարվեց մամլո ասուլիսից ու հեռացավ գագաթաժողովից:

Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակեց պնդել իր այն համոզվածությունը, որ ՆԱՏՕ-ն ‘’ուղեղից մեռած’’ է:

Այս մթնոլորտի պատճառով են վերլուծաբաններից շատերն ասում, թե Հյուսիսատլանտյան դաշինքն այսօր տառապում է անհատականությունների միջեւ առկա բախումների հետեւանքով:

ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձինք ասում են, թե լավ առաջընթաց է գրանցվել պաշտպանական ծախսումների հարցում: Հաջողվել է Թուրքիային համոզել, որ այն չարգելափակի արեւելաեվրոպական երկրների պաշտպանական համակարգերը բարելավելու ծրագիրը: Հիշեցնենք, որ դրա համար որպես նախապայման, Անկարան պահանջում էր, որ ՆԱՏՕ-ն Սիրիայում քուրդ մարտիկներին հայտարարի ‘’ահաբեկիչներ’’:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը խոսեց Չինաստանի կողմից առկա վտանգների ու նաեւ հնարավորությունների մասին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ ակնարկեց, որ իր երկիրը, հետեւելով ԱՄՆ-ի օրինակին, թույլ չի տա չինական հեռահաղորդակցության Huawei ընկերության գործունեությունն իր երկրում:

‘’Մենք չենք կարող վնաս հասցնել ‘’Հինգ աչք’’ անվանումը կրող անվտանգության հարցերով մեր համագործակցությանը’’, ասաց նա: Այսպես կոչված ‘’Հինգ աչք’’-ի մեջ են մտնում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան ու Նոր Զենլանդիան:

ՆԱՏՕ-ի 29 անդամ պետությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ ու վերահաստատեցին համատեղ ինքնապաշտպանության բնագավառում իրենց մասնակցությունը: Նրանք ընդունեցին, որ Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են եվրատլանտյան անվտանգությանը:

XS
SM
MD
LG