Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը ևս մեկ քայլով առաջ է շարժվել նախագահ Թրամփի իմփիչմենթի գործընթացում


Չորեքշաբթի օրը դեմոկրատ կոնգրեսականները լսել են չորս իրավաբանների ցուցմունքները այն հարցի շուրջ, թե արդյո՞ք նախագահ Թրամփի թույլ տված խախտումները սահմանադրորեն համապատասխանում են իմփիչմենթով պատժելի հանցանքներին:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսականների կարծիքով վկայությունները մատնանշում են, որ նախագահ Թրամփը կասեցրել է Ուկրաինայի համար նախատեսված օգնությունը, անձնական շահերից ելնելով:

«Նա պատրաստ էր զոհաբերել մեր անվտանգությունն ու իր պաշտոնը՝ անձնական քաղաքական շահերից ելնելով: Կարևոր չէ, որ վերջիվերջո նա ստիպված էր տրամադրել օգնությունը, կարևորն այն է, որ նա պատրաստ էր ներգրավել օտար երկրի կառավարությանը՝ մեր ընտրություններում»,- ասել է Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովից կոնգրեսական Ջերադ Նադլերը:

Փորձագետների մեծամասնության հավաստմամբ, պաշտոնի չարաշահումը ԱՄՆ-ում բարձրագույն հանցանք և օրենքների խախտում է համարվում, որը ըստ սահմանադրության, կարող է հիմք հանդիսանալ իմփիչմենթի համար:

«Եթե այն, ինչի մասին խոսքը գնում է, իմփիչմենթի արժանի հանցանք չէ, ապա ոչինչ չի կարող նման հանցանք համարվել: Սա հենց այն հանցանքն է, որից պաշտպանվելու համար սահմանադրության մեջ ներառվել է իմփիչմենթը»,- ասել է Մայքլ Գերհարդը, Հյուսիսային Կարոլինայի իրավաբանական համալսարանից:

Սակայն իհարկե լսումներին ներկա ոչ բոլոր փորձագետներն էին համաձայն այս կարծիքի հետ:

«Ես հավատացած եմ, որ այս իմփիչմենթը ոչ միայն չի բավարարում նախորդ իմփիչմենթների ժամանակ հաստատված չափանիշները, այլ նաև վտանգավոր նախադեպ է հանդիսանում ապագա իմփիչմենթների համար.,- ասել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանից Ջոնաթան Թուրլին:


Թրամփն էլ իր հերթին հարցականի տակ է դրել իմփիչմենթը նախաձեռնելու դեմոկրատների դրդապատճառները:

«Կասկածելի է, թե արդյոք այս մարդիկ սիրում են մեր երկիրը։ Դա շատ լուրջ հարց է: Արդյո՞ք նրանք սիրում են մեր երկիրը»,- ասել է նախագահ Թրամփը:

Դեմոկրատների կարծիքով, չպետք է հապաղել իմփիչմենթի հարցում, հաշվի առնելով, որ 2020-ի նախագահական ընտրությունները մեկնարկելու են հաջորդ տարեսկզբից։

«Մենք ժամանակ չունենք, քանզի նախագահը շարունակում է քաջալերել օտարերկրյա ուժերին, որպեսզի միջամտեն մեր ընտրություններում»,- ասել է դեմոկրատ կոնգրեսական Էրիք Սուալվելը:

Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովի նախագահը նախատեսում է ևս մի քանի լսումներ անցկացնել հաջորդ շաբաթ, որոնց հավանաբար մինչև տարեվերջ կհաջորդի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը՝ իմփիչպենթի շուրջ:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը ևս մեկ քայլով առաջ է շարժվել նախագահ Թրամփի իմփիչմենթի գործընթացում
please wait

No media source currently available

0:00 0:02:11 0:00

XS
SM
MD
LG