Գերմանիայի դատախազները հայտարարում են, թե ունեն բավարար փաստեր այն մասին, որ Վրաստանի քաղաքացի, ազգությամբ չեչեն Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունն իրականացվել է Ռուսաստանի դաշնային գործակալությունների կողմից։ Իսկ ներքին գործերի նախարարն ասում է, թե այս հանցագործությունը կարող է ունենալ լուրջ հետեւանքներ։ ՝՝Կառավարությունն այս պահին մտածում է այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի մասին՛՛, ասել է նա։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա երկրի կառավարության խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերով, իրենք այս սպանության հետ կապված որեւէ տեղեկություն չունեն։
Չեչենական ապստամբ ուժերի նախկին հրամանատար, 4Օ-ամյա Խանգոշվիլիին օգոստոս ամսին էին սպանել Բեռլինի պուրակներից մեկում՝ գլխին հասցված հրազենային կրակով։ Կասկածյալը շատ արագ ձերբակալվել է, սակայն մինչ այժմ շատ քիչ տեղեկություններ է հայտնել ոստիկանությանը։
Այս դեպքն անմիջապես զուգահեռներ է քաշում ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը Մեծ Բրիտանիայում թունավորելու փաստի հետ։ Ռուսաստանը հերքում է նաեւ այդ գործողության մեջ իր մասնակցությունը։
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին նույնպես սա նմանեցնում է Սկրիպալների պատմության հետ, սակայն հակառակ դիրքերից, ու ասում, թե եզրակացություններով հանդես գալու ժամանակ երկու դեպքերում էլ պակասում է լավ դատողությունը։
Սկրիպալների դեմ իրականացված մահափորձից հետո սառեցվեցին Լոնդոնի ու Մոսկվայի միջեւ հարաբերությունները, սակայն վերլուծաբաններն ասում են, թե այս դեպքում նույնը կարող է տեղի չունենալ ռուս-գերմանական հարաբերություններում
Չեչեն նախկին հրամանատարի սպանության հարցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը պատրաստվում է քննարկել Պուտինի հետ հեջորդ շաբաթ Փարիզում անցկացվելիք հանդիպման ժամանակ, երբ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդները հանդիպելու են փորձելու համար գտնել արեւելյան Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու ուղիներ։