Հինգ տարի անընդմեջ Ուկրաինան ծանր պատերազմ է վարում ռուսամետ անջատողականների դեմ. Ավելի քան 13,000 ուկրաինացի զոհվել է այդ պատերազմում: Կրեմլը սակայն հայտարարում է, որ պատերազմի մասնակից չէ, իսկ Ռուսաստանի զինվորականներն այնտեղ մասնակցում են «կամավորների» կարգավիճակով: Մինչդեռ, Եվրոպայի առաջնորդների խաղաղարար փորձերը ձախողվում են:
Քաղաքականության մեջ նորեկ, նախկին դերասան Վոլոդիմիր Զելենսկին այս իրավիճակում փորձելու է իրականացնել նախընտրական իր հիմնական խոստումը՝ խաղաղություն բերել:
«Նա խաղաղություն է խոստացել, որը նախընտրական պայքարի կարեւոր մասն էր, եւ մենք տեսանք ուկրաինական կողմի նոր դիրքորոշումը, որի շնորհիվ մի շարք հարցեր կարգավորվեցին», - նշում է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Անդրեյ Կորտունովը:
Մասնավորապես, սեպտեմբերին կողմերին հաջողվեց փոխանակել գերիներին, իսկ նախորդ ամիս Ռուսաստանը վերադարձրեց նախկինում առգրավված նավերը, որոնք ներսից, Կիեւի հաղորդմամբ, գրեթե ամբողջությամբ թալանի են ենթարկվել: Ռուսաստանի հակաուկրաինական քարոզչությունը Զելենսկու հաղթանակից հետո նույնպես փոքր-ինչ մեղմացել է:
«Նա հանրահայտ դեմք է այստեղ Ռուսաստանում, մասնակցել է հեռուստախաղերի, նրա կերպարն ավելի լավն է, քան նախկին նախագահինը», - նշում է Մոսկվայի բնակիչ Սերգեյը:
«Անշուշտ, դա այդպես է», - հաստատում է Կարոլինան, ով նույնպես Մոսկվայի բնակիչ է:
«Միլիոնավոր ռուսաստանցիներ տեսել են նրա խաղը, ծիծաղել նրա կատակների վրա: Նա ծիծաղելի է, իսկ թշնամին չպետք է ծիծաղելի լինի: Պիտի լինի ահաբեկող, վախեցնող: Զելենսկին այդպիսին չէ», - նշում է Մոսկվայի Տնտեսական հետազոտությունների բարձրագույն դպրոցի վերլուծաբան Բորիս Կագարլիցկին:
Զելենսկու խաղաղարար նախաձեռնությունները սակայն ծանր քննադատության են արժանանում Ուկրաինայի ներսում, մինչդեռ Միացյալ Նահանգների աջակցությունը, նախագահ Թրամփի իմփիչմենթի գործընթացով պայմանավորված, թուլանում է: Հաշվի առնելով բոլոր հակասությունները՝ Փարիզի առավել հավանական ձեռքբերումը կարող է լինել Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի եւ նավթի արտահանման պայմանագիրը:
Facebook Forum