Հոնկոնգում ցուցարարներն արդեն ոչ թե բողոքում են տեղի իշխանությունների դեմ, այլ հավաքվում են ԱՄՆ-ի հյուպատոսարանի առջեւ՝ շնորհակալություն հայտնելու ԱՄՆ-ի նախագահին, որը մի քանի օր առաջ ստորագրեց օրենքի նախագիծ, ըստ որի պատժամիջոցներ են կիրառվելու ընդդեմ Պեկինի՝ Հոնկոնգի ժողովրդի պահանջներն անտեսելու պատճառով։
Չինաստանի արտգործանախարարությունն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Չինաստանի կառավարությունը որոշել է արգելել ամերիկյան ռազմանավերի ու ռազմական օդանավերի մուտքը Հոնկոնգի տարածք։ Բացի այդ Պեկինը պատժամիջոցներ է սկսելու ընդդեմ ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունների, որոնք, ըստ Չինաստանի իշխանությունների, ՝՝վնասակար՛՛ դեր են ունեցել Հոնկոնգում անհանգստությունները խրախուսելով։ Այդ կազմակերպությունների շարքում են Human Rights Watch-ը եւ Freedom House-ը։
Հարցին, թե Չինաստանի այս զայրացած քայլն ինչ ազդեցություն կունենա Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ ընթացող առեւտրային բանակցությունների վրա, ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե բանակցությունները դրանից չեն շահի։ ՝՝Սակայն պետք է սպասել, տեսնելու համար, թե ինչ կլինի՛՛, ասել է նա։ Պետքարտուղար Մայք Փոմփեոն էլ կոչ է արել Չինաստանին հավատարիմ մնալ Հոնկոնգի բնակչությանը տված խոստումներին։
՝՝Տեսնում եք, թե ինչպես են ցուցարարներն այստեղ ծածանում ամերիկյան դրոշներ։ Նրանք ուզում են ազատություն, իրենց ընտանիքները կազմելու ու ամրապնդելու լավ հնարավորություններ։ Իսկ սրանք պայմաններ են, որոնց մասին Չինաստանի կառավարությունը տվել է խոստումներ՛՛, ասել է նա։
ԱՄՆ-ի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներն են պարբերաբար կրկնում ու կոչ անում Չինաստանի կառավարությանը հարգել Հոնկոնգի ժողովրդին տրված խոստումը, խոստում, ինչի մասին Պեկինը ստորագրել է ՄԱԿ-ում գրանցված բրիտանա-չինական համատեղ հռչակագրում, երբ Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից փոխանցվում էր Չինաստանին։
Հիշեցնենք, որ Հոնկոնգում հունիս ամսից սկսվեցին բողոքի համատարած ցույցեր, երբ տեղի իշխանությունները սկսեցին քննարկել այստեղ քրեական հանցագործությունների մեջ կասկածյալ անձանց Չինաստան արտաքսելու օրենքի նախագիծը։ Հոնկոնգում ունեն մտավախություն, որ իրենց քաղաքն այսպիսով կարող է աստիճանաբար կորցնել իր կիսանկախ կարգավիճակը։