Մատչելի հղումներ

Թուրքիան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանի քրդերի դեմ իր ռազմական գործողությունները


Թուրքիայի նախագահ Էրդողանը մինչեւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի առաջնորդների հետ հանդիպումը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք շատերը համարում են անզուսպ։ Օրինակ Ֆրանսիայի նախագահի մասին նա ասում է, թե Էմանուել Մակրոնը ՝՝ուղեղից մեռած՛՛ է, եւ որ Թուրքիան, ըստ նրա, Եվրոպայի նկատմամբ ունի ավելի մեծ ասելիք։

Նման հարձակողական տրամադրությամբ է Էրդողանը պատրաստվում հանդիպմանը, երբ մեծ է Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունների հետ կապված քննադատության ալիքը։ Հանդիպման ժամանակ Էրդողանը պատրաստվում է վեր հանել սիրիացի փախստականների հարցը եւ այդ հարցն օգտագործել ընդդեմ քրդերի։ Ինչպես վերլուծաբաններից, թուրք նախկին դիվանագետ Այդին Սելչենն է ասում, Թուրքիայում սիրիացի 3.5-ից 4 միլիոն փախստականների հարցը Էրդողանին թույլ է տալիս պնդել իր պահանջները՝ հասկանալով, որ փախստականության հարցը շատ մեծ խնդիր է դարձել Եվրոպայի համար։ Էրդողանը կարծում է, որ 2 միլիոն սիրիացիների կարող է բնակեցնել այն հատվածներում, որտեղից նրա զորքերը հոկտեմբեր ամսին իրականացված ռազմական գործողությունների արդյունքում հետ են մղել քրդերին։ Անկարային մեղադրում են, որ այն փորձում է փոխել այս տարածքներում ժողովրդագրությունը՝ քուրդ ազգաբնակչությանը վտարելով, այստեղ արաբներին բնակեցնելով։ Այս մեղադրանքների պատճառով էր Էրդողանը Մակրոնին անվանել ՝՝ուղեղից մեռած՛՛։

Մեծաթիվ վերլուծաբաններ են հիշեցնում Էրդողանի այն խոսքերը, թե ինքը դարպասները կբացի փախստականների առջեւ, եթե Արեւմուտքը շարունակի իրեն մեղադրել Սիրիա կատարած ներխուժման համար։ Ավելին, Էրդողանը հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ն չպաշտպանի իր այն պնդումները, թե Սիրիայում թուրքական ուժերը դիմել են ռազմական գործողությունների ընդդեմ ՝՝քուրդ ահաբեկիչների՛՛, իր երկիրը կընդդիմանա ՆԱՏՕ-ի այն ծրագրին, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում պաշտպանել Լեհաստանին, Լիտվային, Լատվիային ու Էստոնիային։
Էրդողանն իր երկրում այսօր կանգնած է սիրիացիներին հետ՝ Սիրիա ուղարկելու ճնշումների տակ, իսկ Եվրոպան արդեն իսկ ունի փախստականության հետ կապված լուրջ խնդիրներ։

Այնպես որ, փախստականության հարցը դառնալու է երկու կողմերի միջեւ ոչ միայն քննարկման լուրջ խնդիր, այլ նաեւ փոխզիջումների գնալու պարտադրանք։

XS
SM
MD
LG