Մատչելի հղումներ

Պայքարել, որպեսզի երկրագնդի ջերմությունը չբարձրանա եւս կես աստիճանով


Աշխարհում ավելի ու ավելի մեծաթիվ երիտասարդներ ու պատանիներ են այսօր մասնակցում բողոքի ցույցերի ու պահանջում կատարել անցում դեպի էներգիայի մաքուր արտադրություն: Նրանք նաեւ պահանջում են, որ ընդունվի մեր մոլորակին վնասող արտանետումները կրճատելու համաշխարհային քաղաքականություն:

Ինչպես ճապոնացի Ռիոտան է ասում, իր սերունդն իր վրա է կրել կլիմայական փոփոխությունների ազդեցությունը ծնված օրվանից:

Եվ երիտասարդների այս գործուն մասնակցության համարՄԱԿ-ի Կլիմայական հարցերով 25-րդ վեհաժողովի ժամանակ նրանց հասցեին գովեստի խոսքեր է ասում միջազգային այս խոշորագույն կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը: Մյուս կողմից նա քննադատության է արժանացնում քաղաքական այն գործիչներին, որոնք ցուցաբերում են համապատասխան գործողությունների դիմելու հարցում դանդաղկոտություն ու դժկամություն:

‘’Մենք պետք է պարզապես դադարեցնենք հորատումները եւ օգտվենք այն լայն հնարավորություններից, որոնք մեզ ընձեռում են վերարտադրվող էներգիայի աղբյուրները’’, հայտարարում է Գուտերեսը:

Ասենք, որ չնայած աշխարհի երկրների մեծաթիվ առաջնորդներ են ասում, թե աջակցում են աղտոտման դեմ պայքարին, նրանց մի մասն իրականում չի իրագործում այդ ուղղությամբ համապատասխան քայլեր: Իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտ կերպով է մերժում կլիմայական փոփոխության մասին գիտական ապացույցները եւ շարունակում է զարկ տալ քարածխի ու մթնոլորտն աղտոտող այլ հանածոների արդյունահանմանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նորից հիշեցնում է, որ աշխարհում կլիմայական փոփոխության ճգնաժամը խորացել է այնքան, որ երեւում է այն հորիզոնը, որտեղ հասնելուց հետո շրջադարձ անելն անհնար է լինելու: ‘’Եվ այդ վտանգավոր հորիզոնը շարունակում է մոտենալ մեզ’’, ասում է նա: Այսինքն, երկրագնդի ջերմությունն այս արագությամբ բարձրանալու դեպքում 2035 թվականին կանցնի երկու աստիճանը: Սա այն հորիզոնն է, որից հետ գալ երկրագունդն այլեւս չի կարողանա:

Այնպես որ, ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հարկավոր է հետեւել գիտնականների խորհուրդներին, որպեսզի թույլ չտանք, որ մեր մոլորակի ջերմության աճը ներկա 1.5 աստիճանից հասնի 2-ի: Հարկավոր է մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները կրճատել 45 տոկոսով:

Սա է աշխարհի ղեկավարների համար այսօր ամենամեծ պարտականությունը:

XS
SM
MD
LG