Մատչելի հղումներ

Թրամփը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, այլ ոչ թե իմփիչմենթի հարցով լսումներին


ԱՄՆ-ի նախագահի դեմ սկսված իմփիչմենթի գործընթացը շարունակվում է, իսկ Թրամփը շարունակում է դատապարտել դեմոկրատների կողմից սկսված հետաքննությունը ու այն նորից անվանում ‘’վհուկաորս’’: Հիշեցնենք, որ ըստ դեմոկրատների, Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնությունը Թրամփը կասեցրել է` ելնելով անձնական քաղաքական շահերից: Դեմոկրատներն ասում են, որ դա կաշառակերության մի ձեւ է, որն արժանի է իմփիչմենթի:

Վերջին օրերի ընթացքում ներկա ու նախկին բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ հրավիրվեցին Ներկայացուցիչների պալատ`պատասխանելու համար կոնգրեսականներին հուզող հարցերին: Ինչպես դեմոկրատ կոնգրեսականներից Վալ Դեմինգզն է ասում, ‘’Եթե Թրամփը սխալ ոչինչ չի արել, թող գա ու մեզ դա ապացուցի’’:

Իսկ հանրապետական կոնգրեսականները դժգոհ են, որ այստեղ չեն կանչում նրանց, ում իրենք կուզենային կանչել:

Օրինակ Թոմ ՄաքՔլինթոքն ասում է, ճիշտ կլիներ, որ այստեղ գային նաեւ Թրամփի փաստաբանները:

Իսկ Սպիտակ տնից ստացվում է հաղորդագրություն այն մասին, որ Թրամփը չի մասնակցի Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովում չորեքշաբթի օրն անցկացվելիք լսումներին:
Որեւէ մեկը չէր էլ սպասում, որ Թրամփը կմասնակցեր լսումներին. Թրամփն այդ օրերին մասնակցելու է Լոնդոնում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Սակայն հարցն այն է, որ լսումներին մասնակցելու հրավերը մերժել է նաեւ Սպիտակ տան խորհրդական Փեթ Չիպոլոնեն:
Վերջինս ասել է, թե ինքը մինչեւ այս շաբաթավերջը կտեղեկացնի, թե արդյոք Սպիտակ տունը մասնակցելու է հետագա լսումներին, թե ոչ:

XS
SM
MD
LG