Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն պատրաստվում է նշել անցած 70 տարիները, երբ խորանում են ներկա հակասությունները


Մարտերը շարունակվում են Սիրիայի հյուսիսարեւելքում, ուր քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ ներխուժեցին թուրքական ուժերը այստեղից ամերիկյան ուժերի հետքաշումից հետո: Հենց այդ ժամանակ էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ն անվանեց ‘’ուղեղից մեռած’’ դաշինք ու ակնարկեց դաշինքում Ամերիկայի դերի պակասի մասին, ասում է վերլուծաբան Գարի Շմիդթը: Մյուս կողմից պատերազմը մի տեսակ լուռ, սակայն կայուն կերպով շարունակվում է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ:

Խնդիրներ, որոնք սրում են հարաբերություններն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների միջեւ:

Վերլուծաբանները հիշեցնում են, որ չնայած նախագահ Թրամփը ՆԱՏՕ-ն այլեւս չի անվանում ‘’հնացած’’ ու չի սպառնում դուրս բերել իր երկիրն այս կառույցից, այնուամենայնիվ շարունակում է մեղադրել անդամ երկրներին ‘’ՆԱՏՕ-ին բավարար չափով վճարումներ չկատարելու մեջ’’: Ու չնայած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները վստահեցնում են եվրոպացի իրենց գործընկերներին, որ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ին, այստեղ չեն կարողանում լիովին հավատալ, որ դա հնարավոր է Թրամփի օրոք: Վերլուծաբան Հանս Քունդնանի խոսքերով, նրանք իրենց հույսը դրել են հաջորդ տարի նախագահական ընտրություններում Թրամփի պարտության վրա: Սակայն չէ որ բացառված չէ վերընտրվելու հնարավորությունը: Այդ պատճառով է օրինակ Ֆրանսիան հանդես գալիս Եվրոպայի ռազմավարական ու ռազմական ինքնարարության մասին հայտարարություններով, որպեսզի Եվրոպան ինքնուրույն լուծի պաշտպանական իր խնդիրները: Ռումինիան էլ փորձում է ինչ որ կերպ սիրատածել ԱՄՆ-ին` իր անվտանգությունը երաշխավորելու համար:

Գերմանիան այս երկու դիրքորոշումների արանքում է հայտնվել: Մի կողմից մտածում է ՆԱՏՕ-ին զարկ տալու մասին, մյուս կողմից համամիտ է Ֆրանսիայի այն տեսակետի հետ, որ Եվրոպայի անվտանգության մասին առաջին հերթին պիտի մտածեն իրենք` եվրոպացիները:

Այնպես որ Եվրոպան տարակուսանքի մեջ է, ինչի արդյունքում գագաթաժողովից մի քանի օր առաջ հայտարարեց, թե համաձայն է կատարել վերահաշվարկ ու վերաբաշխել ՆԱՏՕ-ի ծախսերը ու դրա արդյունքում`կրճատել Վաշինգտոնից ստացվող հատկացումների ծավալը: Քայլ, որը փորձում է հանգստացնել Թրամփին:

XS
SM
MD
LG