Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան շարունակում է հրթիռային փորձարկումները


Հարավային Կորեայի զինվորականները հայտնում են, որ Հյուսիսայի Կորեան հինգշաբթի փորձնական հրթիռային արձակումներ է իրականացրել: Սեուլի ունեցած տվյալներով, հրթիռն անցել է շուրջ 380 կիլոմետր, սուզվելով այնուհետեւ ծովում: 2019-ի մայիսից ի վեր սա Հյուսիսայի Կորեայի 13-րդ փորձարկումն է:

Վերլուծաբանների կարծիքով, իրականում սա Փհենյանի յուրօրինակ փորձն է ճնշում գործադրելու, որպեսզի բանակցությունների վերջնաժամկետի նախաշեմին Միացյալ Նահանգները հավելյալ զիջումների գնա: 2018-ի հունիսից սկսած Վաշինգտոնի եւ Փհենյանի բանակցությունների շրջանակում նախագահ Թրամփը եւ Հյուսիսի առաջնորդ Քիմը հանդիպել են երեք անգամ։ Այս տարվա փետրվարից ի վեր բանակցություններում առաջընթաց չի գրանցվել:

Փորձարկումները հատկապես անհանգստացրել են Հարավային Կորեային եւ Ճապոնիային, որոնց տարածքն ուղղակի վտանգված է Հյուսիսային Կորեայի զինուժի կողմից:

«Մեր զինված ուժերը ցավով է արձագանքում Հյուսիսային Կորեայի այս քայլին եւ կոչ անում անմիջապես վերջ դնել ռազմական իրավիճակի սրմանն ուղղված քայլերին», - հայտարարել է Հարավային Կորեայի Միացյալ շտաբի ներկայացուցիչ Ջեոն Դունգջինը:

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն նույնպես կոչ է արել Փհենյանին դադարեցնել վտանգավոր գործողությունները.

«Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումները լուրջ մարտահրավեր են ոչ միայն Ճապոնիայի, այլեւ միջազգային հանրության համար»:

Վերլուծաբանների կարծիքով, եթե մեկ շաբաթից հնարավոր չլինի լուրջ առաջընթաց գրանցել, Հյուսիսային Կորեան կարող է վերսկսել նաեւ միջուկային զենքի զարգացման ծրագիրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG