Մատչելի հղումներ

Հարստությունը՝ հօգուտ ու ի վնաս նախագահի թեկնածու Մայքըլ Բլումբերգի


ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածուների շարքը լրացնում է միլիարդատեր, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքըլ Բլումբերգը։ Հայտնի գործարար, բարերար, չափավորական դիրքեր զբաղեցնող 77-ամյա Մայքըլ Բլումբերգը, սակայն, որը նախկինում իր թեկնածությունը դրել էր Հանրապետական կուսակցության անունից, դեմոկրատների կողմից այսօր ընդունվում է տարակուսանքներով։

Միլիարդատեր Բլումբերգը մտնում է մրցապայքարի մեջ, երբ դեմոկրատ մյուս թեկնածուները բողոքում են Ամերիկայում մարդկանց եկամուտներում առկա հսկա անհավասարության համար։ Այդ պատճառով նա այսօր փորձում է մարդկանց ուշադրությունը շեղել իր միլիարդների վրայից ու կենտրոնացնել Նյու Յորքի քաղաքագլուխ եղած տարիներին իր հաջողությունների վրա։ Վերլուծաբան Ջոն Հուդաքը հիշեցնում է, որ նա քաղաքագլխի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումներից հետո ու գրեթե աղետի գոտու վերածված Մանհեթենը վերակառուցել արագ, երբ երկրում արդեն տնտեսական անկում էր գրանցվում։

Աշխարհի հարուստների շարքում իններորդ հորիզոնականը զբաղեցնող Բլումբերգն արդեն միլիոններ է ներդնում իր ընտրարշավի համար։ Վերլուծաբան Լարրի Սաբաթոն ասում է, թե մինչ այժմ չի եղել որեւէ թեկնածու, որն ընտրարշավի համար մի քանի օրերի ընթացքում ծախսեր 37 միլիոն դոլար։ Ու չնայած այն հանգամանքին, որ ներկա պահին նրան աջակցում է դեմոկրատների միայն երեք տոկոսը, հարստությունը նրան կարող է շնորհել ազդեցության լծակներ։
Բայց մյուս կողմից էլ այդ գումարները կարող են բացասական դեր խաղալ այն կուսակցության շրջանում, որը շարունակ բողոքում է հարուստների ու աղքատների միջեւ Ամերիկայում շարունակ խորացող ճեղքվածքի համար։
Իսկ Մայքըլ Բլումբերգը վստահ է, որ Թրամփին հաղթելու ունակ ամենալավ թեկնածուն ինքն է, ի հակադրություն Թրամփի՝ իր չափավոր քաղաքական դիրքորոշմամբ ու իր մեծ հարստությամբ ի մրցակցություն Թրամփի։ Իսկ թե արդյոք նա ունի այն խարիզման, որն ունի Թրամփն իր աջակիցների շրջանում, դժվար է կռահել, ասում է վերլուծաբան Ջոն Հուդաքը։
Այս հարցերի առաջին մոտավոր պատասխանը կտա մարտի 3-ը, երբ երկրի 14 նահանգներում անցկացվեն ներկուսակցական ընտրություններ, որին այստեղ անվանում են ՝՝Սուպեր երեքշաբթի՛՛։

XS
SM
MD
LG