Մատչելի հղումներ

Բողոքի ցույցերը տարածվում են Մերձավոր Արեւելքում


Աշխարհի տարբեր հատվածներում անցած ամիսների ընթացքում տեղի են ունենում բազմահազարանոց ցույցեր։ Ցույցեր են անցկացվում նաեւ Մերձավոր Արեւելքում։

Լիբանանում բողոքի ցույցերը հիմնականում խաղաղ են, սակայն որոշ հատվածներից ստացվում են բախումների մասին լուրեր, ու կա մտավախություն, որ խոցելի իրավիճակում հայտնված այս երկրում բախումները կարող են վերածվել լայնածավալ բռնությունների։


Իրաքում անցկացված բողոքի ցույցերին մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան 3ՕՕ մարդ, հազարավոր այլոք ստացել են մարմնական վնասվածքներ։

Մարդիկ, սկսած փետրվար ամսից, ամեն շաբաթավերջին բողոքի ցույցեր են անցկացնում Ալժիրում։ Այստեղ կան ձերբակալված ակտիվիստներ։

Սակայն նշված երկրներում իշխանությունները հիմնականում անտեսում են ցուցարարների պահանջները, որտեղ մարդկանց հիմնական պահանջը նույնն է՝ վերացնել կոռուպցիան, կրճատել գործազրկությունն ու բարելավել կառավարումը։
Ցուցարարներն ասում են, թե իրենք ուզում են տեսնել փոփոխություն ու չեն դադարեցնելու այս պայքարը, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին։
Սակայն այս ընթացքում ավելի մեծ կորուստներ են կրում այս երկրներում առանց այն էլ վատ վիճակում գտնվող տնտեսությունները։ Ինչպես վերլուծաբաններն են ասում, այս շարժումների երկարաժամկետ ազդեցությունը դեռ պարզ չէ, սակայն ներկա պահին դրանց արդյունքում նշված երկրներներն ավելի են աղքատանում ու դառնում ավելի անկայուն։

Լիբանանցի տնտեսագետ Վալիդ Աբու Սլեյմանի խոսքերով, վստահությունն այստեղ վերականգնելու համար առաջին հերթին հարկավոր է կազմել նոր կառավարություն, մասնագետներից կազմված կառավարություն, որը կարժանանա ժողովրդի հավանությանն ու աջակցությանը։


Բողոքի ելած մարդիկ ասում են, թե զանգվածային շարժումները սկսվել են հիասթափության ու զայրույթի արդյունքում, երբ կառավարությունները չեն կարողանում գտնել կացությունից դուրս գալու ուղիներ։
Իսկ ժողովրդի դեմ կիրառվող ուժի միջոցներն ու բռնությունները ոչ թե մեղմում են բողոքի ալիքը, այլ ոտքի ելած մարդկանց այս պայքարում դարձնում ավելի հաստատակամ։

XS
SM
MD
LG