Մատչելի հղումներ

ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն տվեց անհատ քաղաքացիներին «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ տալու վերաբերյալ օրենքին


Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահն ասել է, որ խորհրդարանի վերին պալատում իրենք կհետևեն օրենքի կիրառմանը

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը հաստատեց օրինագիծ, որով անհատները ևս կարող են ճանաչվել «օտարերկրյա գործակալներ»: Ավելի վաղ Ռուսաստանի Պետական դուման օրենքն ընդունել էր երրորդ ընթերցմամբ, որին աջակցեցին 311 պատգամավորներ, չորսը ձեռնպահ էին:

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է, որ խորհրդարանի վերին պալատում իրենք կհետևեն օրենքի կիրառմանը և ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում այն փոփոխության կենթարկվի:

Օրինագիծը ենթադրում է, որ «օտարերկրյա գործակալներ» կարող են ճանաչվել այն անձինք, ովքեր մասնակցում են «օտարերկրյա գործակալ» լրատվամիջոցի նյութերի պատրաստմանը կամ դրա տարածմանը, ինչպես նաև գումար կամ գույք ստանում արտերկրից կամ էլ օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորվող ռուսական իրավաբանական անձից:

Նախաձեռնության հեղինակն է Պետդումայի Տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Լևինը, ով ասել է, որ եթե անհատը գրում կամ տարածում է նյութեր մշակույթի, սպորտի կամ երաժշտության մասին, ապա այդպիսի համագործակցության դեպքում քաղաքացին դժվար թե ընդգրկվի օտարերկրյա գործակալների ցուցակում: Բայց եթե անձը գրում է սոցիալ-քաղաքական իրավիճակի վերաբերյալ նյութեր, ապա այդպիսիք մեծ ռիսկեր ունեն օտարերկրյա գործակալի կարգավիճակ ստանալու համար: Յուրաքանչյուր դեպքում դա կորոշի Արդարադատության նախարարությունը Արտաքին գործերի նախարարության հետ միասին:

«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայն ասում է, որ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի կողմից ընդունված «Զանգվածային լրատվամիջոցների ու օտարերկրյա գործակալների մասին» օրենքում կատարված փոփոխությունները այն վտանգավոր ու աճող ջանքերի թվում են, որոնք ուղղված են Ազատություն ռադիոկայանի և այլ օտարերկրյա լրատվամիջոցների լրագրողներին հետապնդելուն և նպատակ են հետապնդում, որ Ռուսաստանի քաղաքացիները ստանան միայն Կրեմլի կողմից հաստատված տեղեկություններ:

2017 թ-ի նոյեմբերին Ռուսաստանում ընդունվեց օրենք, որով հնարավոր է «օտարերկրյա գործակալներ» կարգավիճակ տրամադրել արտասահմանից ֆինանսավորող լրատվամիջոցներին: Արդարադատության նախարարությունը տասը զանգվածային լրատվամիջոցներ դասակարգեց այդ կարգավիճակում, որոնք են «Ամերիկայի Ձայնը», «Idel.Ռեալին», «ԿովկասըՌեալին», «ՂրիմՌեալին»,

«Настоящее Время » հեռուստաալիքը, «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայությունը, «Ազատություն» ռադիոկայանը, ՍիբիրՌեալին, Ֆակտոգրաֆը և ՀյուսիսՌեալին:

Այս լրատվամիջոցները պետք է պարբերաբար զեկուցեն իրենց ֆինանսական գործունեության մասին, ինչպես նաև իրենց հրապարակումներում նշեն, որ ունեն «օտարերկրյա գործակալ» կարգավիճակ: Խախտումները կարող են հանգեցնել մեծ տուգանքների:

Facebook Forum

XS
SM
MD
LG