Մատչելի հղումներ

Իսրայելից Human Rights Watch-ի ներկայացուցչին արտաքսելու խնդիրը


Օմար Շաքիր - Human Rights Watch
Օմար Շաքիր - Human Rights Watch

Իսրայելը շուտով կդառնա ժողովրդավարական առաջին պետությունը, որն իր տարածքից արտաքսում է Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության ներկայացուցչին:

Իսրայելում Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Օմար Շաքիրին երկրի կառավարությունը վտարելու որոշում էր կայացրել մի քանի շաբաթ առաջ ու նա դատական երկար պայքար մղեց այդ որոշման դեմ: Նա հայտարարում էր ու պնդում, որ ինքը չի աջակցել պաղեստինցիների կողմից ղեկավարվող Բոյկոտ, ապաներդրում ու պատժամիջոցներ շարժմանը:

Կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը հայտարարում է, որ Իսրայելի կառավարությունն այդպես էլ չկարողացավ բերել որեւէ փաստ, որը կապացուցեր, որ Օմարը շեղվել է Human Rights Watch-ի դիրքերից:

Human Rights Watch-ը նույնպես չի աջակցում պաղեստինյան Բոյկոտ, ապաներդրում ու պատժամիջոցներ շարժմանը, սակայն գտնում է, որ Իսրայելը պիտի հետ քաշվի գրավյալ տարածքներից եւ արաբ իր քաղաքացիներին տա այն իրավունքները, որոնք տրված են իսրայելցիներին:

Ի դեպ, Իսրայելում 2017 թվականին է ընդունվել օրենք, որի համաձայն Իսրայել այցելելու վիզա չի տրվում այն օտար քաղաքացիներին, որոնք հրապարակայնորեն կոչ են անում բոյկոտել Իսրայելին կամ դատապարտում են գրավյալ տարածքներում հրեական թաղամասերի կառուցումը: Նշված օրենքը կիրառելով Իսրայելն ամիսներ առաջ մուտքի արտոնագիր չտվեց ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ռաշիդա Թլաիբին ու Իլհան Օմարին:

Օմար Շաքիրն ասում է, որ իր հետ կապված խնդրից զատ, Իսրայելում կան ավելի խորը խնդիրներ, երբ ‘’կառավարությունը ճնշում է մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդկանց զրկում այստեղ այցելելու իրավունքից միայն այն բանի համար, որ նրանք կիրառում են խոսքի իրենց ազատության իրավունքը’’: Նրա խոսքերով, այստեղ պաղեստինցիների նկատմամբ ներկայացվում են քրեական մեղադրանքներ հենց նույն պատճառաբանությամբ:

Երուսաղեմից գործող ‘’Մոնիթոր’’ անվանումը կրող կազմակերպությունը, որն իրեն համարում է մարդու իրավունքների պաշտպան միավորում, պաշտպանում է Շաքիրին արտաքսելու որոշումը ու պնդում, որ ‘’եթե ինչ որ մեկն ուզում է մեղադրել Իսրայելին, պարտադիր չէ, որ դա անի Իսրայելի տարածքում: Թող դա անի Իսրայելից դուրս’’, ասում է կազմակերպության անդամներից Գերալդ Ստայնբերգը:


Հիշեցնենք, որ գրավյալ տարածքներում հրեական թաղամասերի կառուցումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել ՄԱԿ-ը, Եվրոպական միությունը ու մարդու իրավունքների պաշտպան միջազգային մի շարք կազմակերպություններ: Սակայն Թրամփի վարչակազմն էր, որ անցյալ շաբաթ հայտարարեց, թե ‘’այդ թաղամասերի կառուցումը չի հակասում միջազգային օրենքներին’’:

XS
SM
MD
LG