Ուկրաինայում, որտեղ զինված հակամարտությունը շարունակվում է արդեն հինգ տարի, 13 հազար մարդ է զոհվել: Այդ առումով հարցն ավելի է կարեւորվում` Թրամփն իրո՞ք իր քաղաքական մրցակցի դեմ փաստեր հայտնաբերելու նպատակով է կասեցրել ռազմական օգնությունն Ուկրաինային, թե ոչ:
Անցնող շաբաթվա ընթացքում էլ մի քանի վկաներ, հանդես գալով Ներկայացուցիչների պալատում, հայտարարում էին, որ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին եւ Եվրոպական միությունում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլենդ են իրականացրել Ուկրաինային ճնշելու արշավ:
Ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի հարցերով նախկին խորհրդական Ֆիոնա Հիլն օրինակ հինգշաբթի օրը պատմում էր, թե ինչպես է Սոնդլանդն ուկրաինացիներին առաջարկում հանդիպում Սպիտակ տանը, ու փոխարենը պահանջում հետաքննություն սկսել ընդդեմ Ջո Բայդընի:
Հիլը նաեւ հերքում է հանրապետականների այն մեղադրանքները, որոնց համաձայն 2016 թվականի ընթացքում ոչ թե Մոսկվան է միջամտել հօգուտ Թրամփի, այլ Կիեւն է միջամտել ընդդեմ Թրամփի:
Այս ընթացքում Թրամփը շարունակում է պնդել, որ ինքը չի դիմել գործողությունների, որոնք պարտադրեին Ուկրաինային դրա համար հատուցել:
Ինչպես վերլուծաբան Ջենիֆեր Վիքթորն է ասում, ‘’Հանրապետականները կառչել են հենց դրանից, փորձելով ապացուցել, որ Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնությունն ամենեւին էլ այդ երկրից քաղաքական շահ ստանալու համար չէ որկասեցվել է’’:
Սոնդլանդը հիշում է Թրամփի հետ սեպտեմբերի իննին կայացած հեռախոսազրույցը: Դա այն օրն էր, երբ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները հայտարարեցին ռազմական օգնությունը կասեցնելու հարցի շուրջ հետաքննություն սկսելու նպատակի մասին: Սա կարող է նշանակել, որ Թրամփն ինչ որ կերպ փորձել է իրեն արդարացնել այդ զրույցի ժամանակ: Սակայն նման փոքր մանրամասնությունները մեծ նշանակություն չունեն ամերիկացիների համար, ասում են վերլուծաբանները:
Ինչպես վերլուծաբան Հանս Նոելն է ասում, ‘’Կարեւոր է իմանալ, Թրամփն Ուկրաինային կողմ է, թե դեմ: Ուզում են ճիշտն իմանալ ամեն ինչի մասին, սակայն հստակ ու հասկանալի լեզվով: Այդ պատճառով է, որ ամերիկացիներն ուզում են լսել վստահելի աղբյուրներից: Իսկ դեմոկրատները խնդրին նայում են դեմոկրատական, հանրապետականները` հանրապետական տեսանկյունից’’:
Եվ ըստ հասարակական հարցումների, ամերիկացիների մեծամասնությունն ասում է, թե այն ինչ իրենք լսում են հետաքննության ընթացքում, չի փոխելու իմփիչմենթի շուրջ կամ Թրամփի նկատմամբ իրենց միտքն ու դիրքորոշումը: