Մատչելի հղումներ

Իրանում բողոքի ցույցերը վերածվել են վանդալիզմով լի բռնությունների


Իրանում բենզինի գների աճի պատճառով անցած ուրբաթ օրը սկսված բողոքի ցույցերի ժամանակ, որոնք ավելի ուշ վերածվեցին բռնությունների, իրականացվում են վանդալիզմի գործողություններ, երբ վնասներ են հասցվում բանկերի, ոստիկանական կայանների, խանութների շինություններին։ Արդեն 4Օ քաղաքներում շարունակվող անկարգություններին երկրի իշխանությունները պատասխանում են շատ ավելի կոպիտ, քան նախկին ցույցերի ժամանակ։

Մարդու իրավունքների պաշտպանության գերագույն հանձնակատար Ռուփերթ Քոլվիլը խորը մտահոգություն է հայտնել իշխանությունների կողմից հատկապես մարտական զենք ու զինամթերք կիրառելու փաստերի կապակցությամբ։
Երկրի նախագահ Հասան Ռուհանին հայտարարում է, թե ապստամբությունը հրահրվում է արտաքին ուժերի, այդ թվում, ասում է նա, ՝՝սիոնիստների ու ամերիկացիների կողմից՛՛։
Ըստ Amnesty International միջազգային կազմակերպության, բախումների արդյունքում 1ՕՕ մարդ է զոհվել։ Այլ տվյալների համաձայն, այդ թիվն անցնում է 2ՕՕ-ը։ Զոհերից 4-ը անվտանգության ուժերի աշխատակիցներ են։

Վերլուծաբանները հիշեցնում են, որ Իրանում վերջին 5Օ տարիների ընթացքում մարդկային կորուստներով մեծ թվով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, սակայն դրանք չեն հանգեցրել իշխանափոխության։ Վերլուծաբան Ռոբի Բարեթը դա բացատրում է այն հանգամանքով, որ ուժային կառույցներում, բանտերում հետախուզությունում աշխատող անձինք ստանում են բարձր վարձատրություն եւ նրանց համար հոգ չէ մարդկանց բռնությունների ներքո պահելու հանգամանքը։

Նրա խոսքերով, չեն օգնում նաեւ արտաքին պատժամիջոցները, քանի որ Իրանի զինված ուժերի վերնախավն է վերահսկում տնտեսության մեծ մասը, ու բնականաբար ուզում է դա պահել իր ձեռքերում։
Սակայն Բարեթի նման այլ վերլուծաբաններ եւս կարծում են, որ Իրանում ինչ որ փոփոխություններ տեղի կունենան մոտ ապագայում։ Նրանք հիշեցնում են, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին բանակի աջակցությունն է վայելում իրան-իրաքյան պատերազմից ի վեր։ Սակայն նա արդեն ծեր է ու հիվանդ։ Նրա հաջորդը, ըստ վերլուծաբանների, չի վայելի նույն աջակցությունը եւ ավանդական ղեկավար դերը նորից կստանձնի զինվորական վերնախավը։

XS
SM
MD
LG