Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական թեկնածուների հինգերորդ բանավեճը


ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում անցկացվեց երկրի նախագահի դեմոկրատ թեկնածուների հերթական բանավեճը։ Հինգերորդ բանավեճին մասնակցում էին տասը թեկնածուներ, որոնք բոլորը կողմ են նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթացին։ Բանավեճին մասնակցող թեկնածուների շարքում էր Ջո Բայդընը, ում անվան հետ է կապված Թրամփին անվստահության քվե հայտնելու գործընթացը։ Բայդընը հավատացած է, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն ի վերջո լինելու է ինքը, հավատացած է, որ ինքն է հաղթելու նախագահական ընտրություններում, հավատացած է, որ իր շնորհիվ կավելանա դեմոկրատ կոնգրեսականների թիվը Ներկայացուցիչների պալատում ու Սենատում։

Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուների շարքում իր վարկանիշով Բայդընը շարունակում է մնալ առաջին տեղում, ում կրնկակոխ հետեւում է Մասաչուսեթս նահանգը ներկայացնող սենատոր Էլիզաբեթ Ուորենը։ Վերջինիս խոսքերով, իր առաջնային խնդիրներից մեկը լինելու է երկրում այնպիսի մթնոլորտ ստեղծելը, որտեղ որեւէ մեկը չկարողանա իրեն վեր դասել օրենքից։ ՝՝Մենք ունենք սահմանադրական պատասխանատվություն, որը պարտավոր ենք հարգել՛՛, հայտարարում էր Ուորենը հեռուստաբանավեճի ժամանակ։
Մինեսոթա նահանգը ներկայացող սենատոր Էմի Քլոբուչարը, որն իհարկե նույնպես աջակցում է իմփիչմենթի գործընթացը, հանդես կգա որպես ատենակալ, երբ դատավարությունը տեղափոխվի Սենատ։ ՝՝Իմփիչմենթի գործընացը խոսում է այն մասին, որ մեր ժողովրդավարությունն այսօր հայտնվել է վտանգի տակ՛՛, ասում էր նա բանավեճի ժամանակ։

Սակայն թեկնածուներից սենատոր Բերնի Սանդերսը, որը ներկայացնում է Վերմոնթ նահանգը, ասում էր, թե սխալ է հիմնականում Թրամփի վրա կենտրոնանալը։ Նրա խոսքերով, Թրամփը Ամերիկայի ժամանակակից պատմության մեջ գուցե ամենակոռումպացված նախագահն է։ ՝՝Սակայն մենք չպետք է պարզապես ողողվենք Դոնալդ Թրամփի հետ կապված խնդիրներով, այլապես տանուլ կտանք ընտրություններում՛՛, կարծում է Սանդերսը։

Վերջերս վարկանիշի նկատելի աճ է գրանցել Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի քաղաքագլուխ Փիթ Բութիջիչը, որը հավատացած է, որ իրենցից մեկն է լինելու հաջորդ նախագահը՝ հավատալով, որ Թրամփն անպայման պիտի պարտվի։
Սենատոր Քամալա Հարիսը կարծում է, որ ՝՝Ամերիկայում օրենքի երկու փաթեթ է գործում երկու տարբեր դասի մարդկանց համար։ ՝՝Մի կողմից ուժ ունեցող մարդիկ են, որոնք իրենց գոռոզության արդյունքում կարծում են, որ կարող են խույս տալ այս ամենից, մյուս կողմից՝ մնացյալ ժողովուրդը՛՛, ասաց նա։

Դեմոկրատ թեկնածուները նաեւ սուր քննարկումներ անցկացրին առողջապահական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցի շուրջ, որը մեծապես բաժանում է լիբերալ գործիչներ Ուորենի ու Սանդերսի եւ ավելի չափավորական Բայդընի, Բութիջիչի ու Քլոբուչարի տեսակետները։

Դեմոկրատների հաջորդ բանավեճն անցկացվելու է Լոս Անջելեսում դեկտեմբեր ամսին։

XS
SM
MD
LG