Իտալիայի Վենետիկ քաղաքում անցած 53 տարիների ընթացքում գրանցված ամենամեծ ջրհեղեի ջրերը սկսել են նահանջել։ Արհավիրքի արդյունքում ջրերի տակ էր մնացել քաղաքի 7Օ տոկոսը։ Սուրբ Մարկոսի բազիլիկն անցած 12ՕՕ տարիների ընթացքում վեց անգամ է ողողվել ջրհեղեղների ջրերով։ Սակայն ուշագրավ է, որ այդ 6 ջրհեղեղներից չորսը գրանցվել են անցած 2Օ տարիների ընթացքում։
Ինչպես քաղաքապետ Լուիգի Բրուգնարոն է ասում. ՝՝Հարկավոր է, որ գիտնականները գան այստեղ ու շարունակաբար ուսումնասիրություններ իրականացնեն պարզելու համար, թե ինչ է տեղի ունենում այստեղ կլիմայական փոփոխության արդյունքում՛՛։
Երկրի ոչ բոլոր օրենսդիրներն են հավատացած, որ սա կլիմայական փոփոխության արդյունք էր։ Սակայն այն սրահը, որտեղ նրանք անցկացնում էին քննարկումները, խորհրդավոր կերպով ջրով ողողվեց քննարկումներից մի քանի ժամ անց։
Կառավարությունը հույս ունի, որ ջրհեղեղների համար նախատեսված պատնեշի կառուցումը կավարտվի 2Օ21 թվականին։ Սակայն գիտնականները կարծում են, որ քաղաքը նոր ջրհեղեղների մեջ կհայտնվի մինչեւ պատնեշների կառուցումը։
Վենետիկից 16 հազար կիլոմետր հեռավորության վրա ծխի տակ էին հայտնվել Սիդնեյի երկնաքերերը, երբ մոտակայքում անտառային հրդեհները դուրս են եկել Ավստրալիայի իշխանությունների վերահսկողությունից։ Մինչ այժմ այստեղ 5ՕՕ տուն է այրվել։ Զոհվել է 4 մարդ։
Ինչպես Ռիիդինգի համալսարանի կլիմայական հարցերով գիտնական Նայջել Արնելն է ասում, ՝՝Ջերմաստիճանը շարունակում է աճել, օդում խոնավորության մակարդակն իջնում է, ինչի արդյունքում անտառային հրդեհներն ավելի հաճախակի են դառնում՛՛։
Սակայն Ավստրալիայի պահպանողական կառավարությունը չի ուզում այս ամենը կապել գլոբալ ջերմացման հետ, ինչին բնության պահապան ակտիվիստները հակադարձում են սուր քննադատություններով։ Ինչպես Կանաչների կուսակցության փոխնախագահ Ադամ Բենդթն է ասում. ՝՝Կառավարությունն ունեցել է աղետալի հրդեհների վտանգը նվազեցնելու հնարավորություն, սակայն ընտրել է կրակի վրա բենզին լցնելու քաղաքականություն՛՛։
Եվ գիտնականները նախազգուշացնում են, որ աշխարհը շատ դանդաղ է առաջ ընթանում կլիմայական փոփոխության դեմ պայքարում, ինչի արդյունքում այսպիսի աղետները կդառնան ավելի ու ավելի հաճախակի, ավելի ու ավելի կործանիչ։