Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հրեական թաղամասերը չի համարում միջազգային օրենքներին հակասող


Միացյալ Նահանգները փոխում է Հորդանան գետի արեւմտյան ափում հրեական նորակառույց թաղամասերի շուրջ իր դիրքորոշումը ու դրանք համարում օրինական, չնայած 1978 թվականին Պետդեպարտամենտի կողմից ընդունված այն տեսակետին, որ պաղեստինյան տարածքներում քաղաքացիական նոր թաղամասերի կառուցումը հակասում է միջազգային օրենքներին։

Իսրաեյելը տասնամյակներ շարունակ, անտեսելով միջազգային համայնքի դիրքորոշումը եւ Ժնեւի չորրորդ կոնվենցիայի հոդվածները, Պաղեստինի գրավյալ տարածքներում կառուցում է թաղամասեր իր բնակչության համար։ Այսինքն՝ պաղեստինյան տարածքներում փոխում է ժողովրդագրությունը՝ հօգուտ հրեաների։ Ի հակադրություն Օբամայի վարչակազմի, Թրամփի վարչակազմը փոխում է իր դիրքորոշումն այս առնչությամբ ու գտնում, որ դրանք չեն հակասում միջազգային օրենքներին։ օրինական։
Ինչպես պետքարտուղար Մայք Փոմփեոն է ասում, իրենք երկար են ուսումնասիրել իրավական այս բանավեճն ու տարաձայնությունները եւ հանգել են նախագահ Ռոնալդ Ռեյգանի տեսակետին։ ՝՝Հորդանան գետի արեւմտյան ափում Իսրայելի քաղաքացիական թաղամասերի հաստատումը չի հակասում միջազգային օրենքներին՛՛, ասել է Փոմփեոն։

Մինչ այժմ այս հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնված է եղել 1978 թվականին Պետդեպարտամենտի կողմից ընդունված իրավական կարծիքի վրա, ըստ որի պաղեստինյան տարածքներում հրեական թաղամասերի հաստատումը հակասում է միջազգային օրենքներին։ Որեւէ նախագահ այս քաղաքականությունը չի ենթակրել փոփոխության, սակայն բոլորն էլ խուսափել են դրանք ՝՝անօրինական՛՛ հայտարարելուց։ Փոխարենը նախընտրել են այն համարել Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացում մեծ խոչընդոտ։

՝՝Սա քաղաքական բարդ խնդիր է, որը կարող լուծվել միայն իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ բանակցություններով, իսկ ԱՄՆ-ը ամեն ինչ կանի օգնելու համար խաղաղության գործընթացը հունի մեջ մտցնելու համար՛՛, ասել է Փոմփեոն։

Սակայն հիշենք, որ պաղեստինցիներն այլեւս չունեն ԱՄՆ-ի միջնորդության կարիքը։ Այս մասին պաղեստինցիների ղեկավարները հայտնեցին այն բանից հետո, երբ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք, այն դեպքում, որ պաղեստինցիները հույս ունեն քաղաքի արեւելյան հատվածը մի օր հայտարարել անկախ Պաղեստինի մայրաքաղաք։

Թաղամասերի առնչությամբ պաղեստինցիների գլխավոր բանագնաց Սաեբ Էրեքաթն ասել է, թե ԱՄՆ-ի այս հայտարարությունը սպառնում է միջազգային օրենքները փոխարինել ՝՝ջունգլիների օրենքներով՛՛։

ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Բերնի Սանդերսը թվիթերյան իր էջում գրել է, որ գրավյալ տարածքներում Իսրայելի թաղամասերն անօրինական են։ Նրա խոսքերով Թրամփն այսպիսով խարխլում է դիվանագիտության հիմքերը։
Եվրոպական միությունը եւս հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ պաղեստինյան գրավյալ տարածքներում բոլոր թաղամասերը, այդ թվում Երուսաղեմի արեւելյան հատվածում կառուցված հրեական թաղամասերն են անօրինական։ Այն կոչ է անում Իսրայելի կառավարությանը դադարեցնել թաղամասերի կառուցումը։

XS
SM
MD
LG