Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահին իմփիչմենթի ենթարկելու գործընթացը` քաղաքական պայքարի կիզակետում


ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ սկսված իմփիչմենթի գործընթացը շարունակվում է Ներկայացուցիչների պալատում, որտեղ որպես վկա հանդես եկող Մարիե Յովանովիչը`Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպանը հայտարարեց, թե ինքն իր պաշտոնից ազատվել էր Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի ‘’ապատեղեկատվության արշավի’’ արդյունքում:

Պետդեպարտամենտի պաշտոնյա Դեյվիդ Հոլմսն էլ փակ դռների հետեւում ուրբաթ օրը տեղեկացրեց, թե ինքը լսել է Թրամփի ու Եվրոպական միությունում ԱՄՆ-ի դեսպանի միջեւ հեռախոսազրույցը, հակառակ դեսպան Գորդոն Սոնդլանդի նախնական այն վկայություններին, թե ինքը ոչինչ չի իմացել այն մասին, որ Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնությունը կասեցվելու էր, քանի դեռ այստեղից չէին ստացվել Թրամփի քաղաքական մրցակից Ջո Բայդընին հեղինակազրկելու մասին տեղեկություններ:
Դեմոկրատները, ինչպես օրինակ կոնգրեսական Էրիք Սուոլուելը, հավատացած են, որ ‘’նիզակը շարժվում է ընդդեմ Թրամփի ու նրա ամենաջերմ աջակից Ռուդի Ջուլիանիի’’:

Հանրապետականները, հանձինս կոնգրեսական Քրիս Ստյուարթի, պնդում են, թե Ուկրաինայի համար նախատեսված օգնության կասեցումը հասկանալի է: Նրա խոսքերով, ‘’Ուկրաինան ուներ նոր նախագահ ու ԱՄՆ-ը ոչինչ չգիտեր նրա մասին: Նա հայտնվել էր անհայտությունից, ու մենք չգիտեինք նա լավ գործիչ է, թե վատ: Մենք չգիտեինք նա աջակցելու էր ԱՄՆ-ի շահերը, թե ոչ’’: Այնպես որ, հարկավոր էր նրան ուսումնասիրելու համար ժամանակ, ասում է կոնգրեսականը:

Դեմոկրատ կոնգրեսական Շան Փաթրիք Մալոնին կարծում է, որ օգնությունն Ուկրաինային կասեցվել էր այլ նպատակով:
‘’Նախագահը Միացյալ Նահանգների հարկատուներից հավաքված ռազմական օժանդակության գումարը պահել էր օտար երկրի ղեկավարի վրա ճնշում բանեցնելու համար, որպեսզի ստանար աջակցություն նախընտրական իր պայքարում’’: Նրա խոսքերով, դա հանգեցնում է կաշառարության, ինչը ԱՄՆ-ի սահմանադրությամբ համարվում է իմփիչմենթի ենթարկելու հանգամանք:
Սպիտակ տունն ուրբաթ օրը հրապարակել է նախագահներ Թրամփի եւ Զելենսկիի միջեւ հեռախոսազրույցի սղագրությունը` հայտարարելով, որ դրա բովանդակությունը հերքում է կաշառատվության մասին բոլոր մեղադրանքները:

XS
SM
MD
LG