Մատչելի հղումներ

Հոնկոնգում ոստիկանությունը ձերբակալում է համալսարանում պատսպարված ցուցարարներին


Հոնկոնգում մի քանի ցուցարարներ են ձերբակալվել, որոնք փորձել են փախուստի դիմել ոստիկանության կողմից շրջապատված համալսարանական մասնաճյուղի շենքից: Շենքից փախուստի փորձ է իրականացրել մոտ հարյուր մարդ, որոնց ոստիկանությունը դիմավորել է արցունքաբեր գազով ու ռետինե մահակներով:

Պոլիտեխնիկական համալսարանի այս մասնաճյուղն անցած մեկ շաբաթվա ընթացքում վերածվել էր մարտադաշտի, երբ հակակառավարական բողոքի ցույցերը սկսեցին վերածվել բռնությունների: Փոքր որոշ խմբերի հաջողվել է անվտանգ կերպով խույս տալ շենքից, օգտագործելով պարանե աստիճաններ:

Ըստ Հոնկոնգի հիվանդանոցից ստացված տեղեկությունների, այստեղ է տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած 116 մարդ:

Վերջին մի քանի օրերն անցած հինգ ամիսներին շարունակվող անհնազանդության ամենաթեժ օրերն էին: Չինաստանի կիսաինքնավար այս քաղաքում բողոքի ցույցերը սկսվել էին այն բանից հետո, երբ տեղի խորհրդարանը քննարկում էր այստեղ մեղադրվող անձանց Չինաստանի դատարանների առջեւ կանգնեցնելու մասին օրենք ընդունելու հարցը: Չնայած այն փաստին, որ խորհրդարանն ի վերջո կասեցրեց հարցի քննարկումն ու այն հանեց օրակարգից, բողոքի ցույցերը շարունակվեցին` ներկայացնելով ժողովրդավարական այլ պահանջեր:

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, թե ‘’որեւէ մեկը չի կարող հարցականի տակ դնել Հոնկոնգում կայունությունը պահպանելու իրենց իրավունքը’’:

Հոնկոնգը համարվում է Չինաստանի մաս, սակայն բողոքի ակցիաներին մասնակցող հատկապես երիտասարդներն ունեն մտավախություն, որ Չինաստանն աստիճանաբար խլում է որպես Մեծ Բրիտանիայի նախկին գաղութ իրենց քաղաքին տրված հատուկ ազատությունները:

Ոստիկանությունը շարունակում է շրջափակման մեջ պահել համալսարանի շենքը, որտեղ այս պահին գտնվում են մի քանի հարյուր ուսանողներ ու ցույցերի այլ մասնակիցներ: Ոստիկանությունը նրանց հորդորում է վայր դնել զենքը ու հանձնվել:

Ցուցարարների մոտ նկատվում է առաջին անհրաժեշտության պարագաների պակաս: Շենքում երկուշաբթի օրը սկսվել է հրդեհ ու լսվել են պայթյունի ձայներ:

Կառավարությունը մինչ այժմ մերժել է ցույցերի մասնակիցների բոլոր պահանջները:

Շրջապատման մեջ հայտնված ուսանողների ծնողները խաղաղ ցույց են անցկացնում համալսարանի շենքից 300 մետր հեռավորության վրա գտնվող Ցիմ Շա Ցուիի հրապարակում:

XS
SM
MD
LG