Մատչելի հղումներ

Ռուսաստանն Ուկրաինային վերադարձրեց առգրավված երեք նավերը


Ռուսաստանն Ուկրաինային է վերադարձրել երեք այն նավերը, որոնքառգրավել էր մոտ մեկ տարի առաջ, երբ վերջիններս նավարկում էին Ղրիմի թերակղզու մոտակայքում: Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայից այս թերակղզին բռնազավթել է 2014 թվականին:

Երկուշաբթի օրը հրապարակած հայտարարությամբ Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ նավերը վերադարձվել են հետաքննիչների կողմից իրականացված ‘’լիակատար ուսումնասիրություններն’’ ավարտվելուց հետո: Հետաքննությունն, ըստ նախարարության, կենտրոնացել է ‘’սահմանային անօրինական խախտումների’’ հարցի վրա, որից հետո կայացվել է որոշում այն մասին, որ ‘’դրանց հետագա ներկայությունը Ռուսաստանում չի համարվում անհրաժեշտություն’’:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է ռազմական երկու փոքր նավերի եւ մեկբուքսիրային նավակի վերադարձի մասին լուրը:

Ռուսաստանի ծովային սահմանապահ ուժերը նշված նավերն առգրավել էին ու նրանց անձնակազմերին Կերչի նեղուցում գերել 2018 թվականի նոյեմբերի 25-ին, երբ նավերը Սեւ ծովից ուղղություն էին վերցրել դեպի Ազովի ծովում գտնվող ուկրաինական Մարիուպոլի նավահանգիստը:

Կերչի նեղուցը, որն անցնում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջով, Սեւ ծովից դեպի Ազովի ծովը տանող ծովային միակ ուղինէ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Ղրիմի թերակղզին ու ռուս անջատողականների կողմից Ուկրաինայի արեւելյան հատվածը գրավեց այն բանից հետո, երբ ժողովրդավարական ցույցերի արդյունքում տապալվեց ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակարգը: Այս ընթացքում բախումների արդյունքում ավելի քան 13 հազար մարդ է զոհվել:

Ռուսաստանն ուկրաինական երեք նավերը վերադարձրեց Ուկրաինային երկու երկրների, ինչպես նաեւ Գերմանիայի ու Ֆրանսիայի միջեւ դեկտեմբերի իննին անցկացվելիք գագաթաժողովի նախօրեին: Ուկրաինայի նախագահի պաշտոնին ընտրվելուց ի վեր Վոլոդիմիր Զելենսկին քայլեր է իրականացնում Մոսկվայի հետ հակամարտությունն արագ լուծելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG